image
Հրատապ լուրեր:

Հայաստանը մեծ կարեւորութիւն կու տայ արաբական պետութիւններու հետ յարաբերութիւններուն. Արարատ Միրզոյեան

Հայաստանը մեծ կարեւորութիւն կու տայ արաբական պետութիւններու հետ յարաբերութիւններուն. Արարատ Միրզոյեան

Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան որ 7-9 մարտին աշխատանքային այցով Եգիպտոս է, ելոյթ ունեցած է Արաբական պետութիւններու լիկայի՝ նախարարական մակարդակով 159-րդ նիստին։ Միրզոյեան իր ելոյթով անդրադարձած է արաբական երկիրներու հետ Հայաստանի յարաբերութիւններուն ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծուած իրադրութեան։ Ելոյթէն հատուածներ կը ներկայացնենք ստորեւ։

«Մեր տարածաշրջանում Հայաստանը բանակցութիւններ է վարում Ադրբեջանի հետ՝ քննարկելով երկու երկրների յարաբերութիւնների կարգաւորման հարցեր՝ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման նպատակով:

Հակիրճ ելոյթում չեմ ցանկանում ձեզ ծանրաբեռնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Հայաստանի ինքիշխան տարածքի դէմ լայնածաւալ ագրեսիաներին (յարձակումներ) մանրամասներով: Ես չեմ ուզում նաեւ, որ դուք յայտնուէք փոխադարձ մեղադրանքների եւ վէճերի տիրոյթում: Փոխարէնը, կը ներկայացնեմ ամբողջական գործընթացի ընդհանրական պատկերը:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մերժում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը եւ փորձում է հարեւանների հետ բանակցել կառուցողական դիրքերից եւ հաւատարիմ է բոլոր չկարգաւորուած խնդիրներին դիւանագիտութեան միջոցով արդարացի լուծումներ գտնելուն։ Մեր անկեղծ ջանքերին ի պատասխան, Ադրբեջանը շարունակում է իր ատելութեան խօսքն ու այլատեացութեան հռետորաբանութիւնը, ինչպէս նաեւ ագրեսիւ եւ առաւելապաշտական գործողութիւնները:

Այս առնչութեամբ ցանկանում եմ անդրադառնալ վերջին զարգացումներին: Ինչպէս գիտէք, արդէն աւելի քան երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, ապօրինի կերպով արգելափակուել է, այսպէս կոչուած, էկոակտիվիստների (բնապահպաններ) խմբի կողմից, ինչն ակնյայտօրէն կազմակերպուած է Ադրբեջանի կառավարութեան կողմից: Աւելին, Ադրբեջանը պարբերաբար խափանում է Լեռնային Ղարաբաղ էլեկտրաէներգիայի (ելեկտրականութիւն) եւ կազի մատակարարումները, ինչի արդիւնքում Լեռնային Ղարաբաղի հայերը յայտնուել են հումանիտար (մարդասիրական) աղէտի եզրին: Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքների եւ անվտանգութեան երաշխիքների շուրջ տեղական իշխանութիւնների հետ բանակցութիւններ վարելու փոխարէն՝ Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութիւնը կոչ է անում արցախահայութեանը լքել իրենց տները՝ նպատակ ունենալով նրանց զրկել հայրենիքից եւ կեանքի կոչել էթնիկ (ցեղային) զտումների իր քաղաքականութիւնը։

Լաչինի միջանցքի արգելափակման համատեքստում ուզում եմ ընդգծել, որ այս տարուայ փետրուարի 22-ին Արդարադատութեան միջազգային դատարանը իրաւաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դէմ հրատապ միջոց կիրառելու վերաբերեալ: Յիշեալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկայ է հայերի իրաւունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ եւ պարտաւորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային (փոխադրային) միջոցների եւ բեռների՝ երկու ուղղութեամբ անխափան տեղաշարժը։

Յարգարժա՛ն նախարարներ,

Ցաւօք, մեր հարեւան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում (խեղաթիւրել) է Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների կարգաւորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ յատկապէս այն կազմակերպութիւններում, որտեղ Հայաստանը ներկայացուած չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցութեան կազմակերպութիւնը եւ Չմիաւորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրօնական երանգ եւ օգտագործելով իսլամական համերաշխութեան զգայուն գաղափարախօսութիւնը: Մենք ակնկալում ենք, որ նման փորձերը կը մերժուեն եւ մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրօնական տարաձայնութիւնների դաշտ։ Մենք պէտք է կանխենք բացառապէս քաղաքական եւ հումանիտար բնոյթի խնդիրներին կրօնական երանգ հաղորդելու հետագայ ցանկացած փորձ:

Եւ կրկին անգամ, Արաբական պետութիւնների լիկայի այս հարթակում, ընդգծում եմ, որ Հայաստանը մեծ կարեւորութիւն է տալիս արաբական պետութիւնների հետ յարաբերութիւններին եւ վերահաստատում ձեր երկրներից իւրաքանչիւրի հետ համագործակցութեան հեռանկարներն ընդլայնելու մեր պատրաստակամութիւնը»։