Լիբանանի Այնճար հայավանի «Սուրբ Պողոս» եկեղեցուց տեղեկանում ենք, որ կիրակի՝ մարտի 16-ին, պատարագից հետո հոգեհանգստյան պաշտոն է կատարվելու փետրվարի 1-ին սպանված հոգեւորական, Գերապատիվ Տեր Անանիա Ծ․ Վ․ Գուջանյանի վախճանման առթիվ։
Դաժանորեն սպանված Տ․ Անանիա ծայրագույն Վարդապետ Գուջանյանի մահվան քառասունքը կատարվել էր մարտի 9-ին՝ Լիբանանի Նորաշեն հայկական շրջանի Սուրբ Վարդանանց եկեղեցում։
Այնճարում, ուր ծառայում էր Հայր Անանիան եւ միաժամանակ մի շարք հոգեւոր ծրագրեր իրականացնում երիտասարդության շրջանում, սպասված եւ սիրված հոգեւորական էր։
Հայավան Այնճարում նաեւ հոգեւորականի հարազատներն ու ծառայակիցները ցավակցություններ են ընդունելու «Գ․Գյուլբենկյան» սրահում, տրվելու է հոգեսուրճ։
Ինչպես հայտնի է՝ փետրվարի 1-ին Լիբանանի Բսալիմ քաղաքում իր տանը դաժանորեն սպանված են գտել Բեքաայի շրջանի հայության հոգեւոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն Վարդապետ Գուջանյանին։ Լուրը արագորեն տարածվել է, Լիբանանի ղեկավարությունը, աջակցություն հայտնելով հայ համայնքին, խոստացել էր, որ ամեն գնով բացահայտվելու է սպանությունը, սակայն մինչեւ այսօր դեպքի վերաբերյալ մանրամասներ չկան։ Սպանության առաջին օրերին տեղեկություններ էին շրջանառվում, թե հայ հոգեւորականին կողոպուտի նպատակով սպանել են սիրիացի բանվորներ, որոնք փախուստի են դիմել։
Հայր Անանիան ծնվել է 1982-ին, Բեյրութում։ Ավազանի անունն Անդրանիկ է։ Նախնական կրթությունը ստացել է Բուրջ Համուդի Ազգային Սրբոց Քառասնից Մանկանց նախակրթարանում, ապա շարունակել ուսումն Ազգային Լեւոն եւ Սոֆիա Հակոբյան դպրոցի միջնակարգի բաժնում։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանք է ընդունվել 1995-ին։ Ավարտելով Դպրեվանքի Ժառանգավորաց բաժնի հնգամյա ուսումը՝ անցել է Ընծայարանի բաժին եւ առաջին տարվա ավարտին ձեռնադրվել սարկավագ՝ ձեռամբ Տ. Տիրայր Եպս. Փանոսյանի։
Կուսակրոն քահանա է ձեռնադրվել եւ օծվել 2004-ին՝ ձեռամբ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանի, վերակոչվել է Տ.Անանիա աբեղա։
2005-ին հոգեւոր առաքելությամբ մեկնել է Ատրպատականի Հայոց Թեմ՝ ստանձնելով Ուրմիայի հայ գաղութի հոգեւոր հովվությունը, երեք տարի ծառայելուց հետո վերադարձել է Մայրավանք եւ ստանձնել վանական զանազան պատասխանատվություններ։ Նա համայնքում ներգրավված էր նաեւ մի շարք բարեսիրական եւ այլ ծրագրերում։
Հուղարկավորված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանական դամբարանում։