image

Հայաստանում «Արեւմտյան Նեղոս»-ի վարակման 58 դեպք է հայտնաբերվել, կա 41 հոսպիտալացված

Հայաստանում «Արեւմտյան Նեղոս»-ի վարակման 58 դեպք է հայտնաբերվել, կա 41 հոսպիտալացված

Հայաստանում «Արեւմտյան Նեղոս» անունով վիրուսով վարակման 58 դեպք է հայտնաբերվել, նրանցից 41-ն այս պահին հոսպիտալացված են։ Թվերը հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։

Նա նշել է, որ առաջին դեպքը հայտնաբերվել է օգոստոսի 7–ին՝ Արագածոտնի մարզում։   

Վարակվածներից չորսի վիճակը ծանր է, բոլորն էլ Արագածոտնի մարզից են:                                        

Այս վիրուսը մարդկությանը հայտնի է դեռեւս 1960–ական թվականներից, սակայն Հայաստանում առաջին անգամ ախտորոշվել է այս տարվա օգոստոսին: 

«Արեւմտյան Նեղոսի տենդը»–ը փոխանցվում է Կուլեքս արյունածուծ ցեղի մոծակներից, որոնք էլ վարակվում են թռչուններից։ Թռչունները միգրացիայի հետեւանքով տարբեր երկրներում կարող են վիրուսի տարածող հանդիսանալ: 

 

Ախտանիշները 

Վարակվելուց հետո ինկուբացիոն շրջանը տեւում է մի քանի օրից մինչեւ 2-3 շաբաթ (հաճախ 3-6 օր)։ Հիվանդությունը սկսվում է մարմնի ջերմաստիճանի՝ մինչեւ 38-40 °C բարձրացմամբ, որն ուղեկցվում է դողով։ Որոշ հիվանդների մոտ դիտվում է կարճատեւ երեւույթներ, ինչպիսիք են՝ թուլություն, ախորժակի կորուստ, հոգնածություն, մկաններում լարվածության զգացողություն, քրտնարտադրություն, գլխացավեր։ Տենդի շրջանը տեւում է 5-7 օր, չնայած կարող է ավելի կարճ տեւել՝ 1-2 օր։ Հիվանդությանը բնորոշ է թունավորմանը նման երեւույթներ․ ուժեղ, տանջող գլխացավեր՝ հատկապես ճակատի եւ ակնակապիճների շրջանում, կենտրոնացված մկանային ցավեր։ Հատկապես ուժեղ ցավեր են լինում պարանոցի եւ գոտկատեղի մկանների շրջանում։ Շատերի մոտ վերջույթների հոդերում դիտվում են տանելի ցավեր՝ առանց վերջիններիս այտուցվածության։ Թունավորման գագաթնակետին առաջ է գալիս փսխում, ախորժակի կորուստ, ցավեր սրտի շրջանում եւ այլն։ Կարող է դիտվել նաեւ քնկոտություն։ Մաշկի վրա կարող է առաջանալ ցան: Խորհուրդ է տրվում կասկածների դեպքում դիմել բժշկի: 

Կանխարգելում

Այս տենդի նկատմամբ  պատվաստանյութ չկա։ Կանխարգելման ոչ հատուկ միջոցառումներն ուղղված են մոծակների խայթոցներից, տզերից պաշտպանվելուն։