Ատրպէյճանի առաջարկները անակնկալ չէին: Այս մասին ըսաւ Արցախի արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեանը` մեկնաբանելով Հայաստանի հետ «խաղաղութեան» պայմանագրի պայմանները, որոնք հնչեցուցած է Պաքուն:
«Բայց այստեղ երկու պահ կայ: Առաջին հերթին, այս առաջարկներին պէտք է պատասխանել հակաառաջարկով: Երկրորդ, բնականաբար, յարաբերութիւնները կարգաւորելու միակողմանի պահանջներ եւ միակողմանի զիջումներ չեն կարող լինել, քանի որ փոխզիջումը պահանջում է փոխադարձ քայլեր:
Սակայն կան թեմաներ, որտեղ զիջումների գնալ չի կարելի: Արցախը չի կարող ճանաչուել որպէս Ատրպէյճանի մաս: Ոչ ոք նման իրաւունք չունի: Ոչ մի հայ, ոչ մի բնական մարդ չի կարող Արցախը ճանաչել Ատրպէյճանի կազմում: Սա «կարմիր գիծ» է, եւ մենք դա երբեք չենք խախտի: Իսկ մենք չենք էլ ենթադրում, որ Հայաստանում որեւէ իշխանութիւն կարող է Արցախն ատրպէյճանական ճանաչել, չենք էլ ուզում այդ մասին մտածել: Կարելի է վատ երազում պատկերացնել, որ ինչ-որ մէկը կարող է հրաժարուել Արցախից, սակայն անհնար է, որ պետութիւնը, Մայր Հայաստանն Արցախը ճանաչի ատրպէյճանական: Ես դրանում համոզուած եմ, քանի որ դա կը լինի Արցախի մահախօսականը», ըսաւ Բաբայեան:
Նախարարին խօսքով, կան հարցեր, որոնք փոխադարձ մօտեցում կը պահանջեն: Օրինակ` անկլաւներու եւ փախստականներու հարցերը: «Ատրպէյճանը յաճախ է բարձրացնում փախստականների հարցը: Մենք դէմ չենք փախստականների վերադարձին, բայց երկու հիմնական պայման կայ: Նախ, փախստականների հարցը չի կարող լուծուել, քանի դեռ բոլոր քաղաքական խնդիրները չեն կարգաւորուել: Երկրորդ, փախստականները կարող են վերադառնալ միայն հայելային տարբերակով: Նախկին ԱԽՍՀ տարածքից 700 հազար հայ փախստականներ պէտք է կարողանան վերադառնալ իրենց տները, իրենց պատմական տարածքները` Հիւսիսային Արցախ, Պաքու, որոնց նկատմամբ մենք ոչ պակաս, եթէ ոչ աւելի իրաւունքներ ունենք, քան այժմ այնտեղ ապրող մարդիկ: Որովհետեւ այս քաղաքը կառուցուել է այդ թւում մեր հայրենակիցների կողմից: Ինչ վերաբերում է փոխհատուցումներին, ապա այստեղ մեծ հարց է, թէ ով ինչ ներդրում է ունեցել հանրապետութեան զարգացման գործում, ով է աւելի շատ նպաստել տնտեսութեան, մշակոյթի, արուեստի զարգացմանը: Սրանք հարցեր են, որոնց կարող են պատասխանել յատուկ ստեղծուած յանձնաժողովները: Ցանկացած առաջարկութեան մէջ պէտք է գործի փոխադարձութեան եւ հայելային սկզբունքը», ընդգծեց Դաւիթ Բաբայեան: