«Այլընտրանքային նախագիծեր խումբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը հերթական յօդուածին մէջ խօսած է պետութիւնն ու հայրենիքը կորսնցնելու վտանգներուն մասին։
Յօդուածը կը ներկայացնենք ստորեւ․
«680 հազարանոց «հայկական բանակի» յարձակմանը Հայաստանը դիմադրում է մեծ դժուարութեամբ։ Բազմաթիւ արշաւանքներ, ցեղասպանութիւն, 37 թիւ եւ երկու համաշխարհային պատերազմ տեսած Հայաստանը այս անգամ թերեւս ամենամօտն է փլուզմանը։ Մենք կորցնում ենք թէ՛ պետութիւնը, թէ՛ հայրենիքը։
«Երկրորդ բանակը», որն արնաքամ է անում պետութիւնը, արտագաղթի բանակն է։ Բոլորիս շէնքերի թեման` ամիսը մէկ-երկու ընտանիք գնում է, բոլորիս դպրոցական երեխաների լուրը՝ այս կամ այն դասարանցին ընտանիքով գնաց, եւ այլն։
«Երրորդ բանակը» անտարբերների ամենամեծ միաւորումն է։ Այս մարդկանց շատ քիչ բան է հետաքրքրում, հիմնականում` սեփական բարեկեցութիւնն ու սեփական ստուերը։ Հայաստանը` որպէս պետութիւն, նրանց աշխարհընկալումից դուրս է։
«Դիմադրութեան բանակը» ՄՈԲ-ի պէս մի բան է՝ անկազմակերպ, առանց կոորդինացիայի (համակարգումի), առանց ռեսուրսային (միջոցներու) ապահովման (մօտաւորապէս՝ առանց զրահաբաճկոն ու սաղաւարտ), շարքերում` անառողջ մթնոլորտ։ Ընդհանրապէս չեն հասկացուում դիմադրութեան հասցէն, ծրագիրը, կառավարման կեդրոնը։
Սա՞ ենք ուզում։ Ոչ մի նորմալ մարդ սա չի կարող ուզել։
Կարծում եմ` Հայաստանում պառակտման, հասարակութեան բաժանման կարմիր գծին ենք։ Շատ բաների վերանայման անհրաժեշտութիւն կայ։ Մենք պէտք է փորձենք իրար լսել։
Որպէս մասնաւոր դէպք. չի՛ կարելի ամէն հարց դարձնել խորը կոնֆլիկտի (բախումի) ու բարիկադաւորման (ընդդիմարգելի) առարկայ։ Վերցնենք Սեպտեմբերի 21-ին նախատեսուած «գունագեղ» միջոցառումը։ Բնականաբար, կարող են լինել կողմ եւ դէմ կարծիքներ, բայց մեր խնդիրը չպէտք է լինի այդ կարծիքների տէրերին իրար դէմ հանելը։ Քաղաքակիրթ աշխարհում կայ յստակ օրէնք. եթէ մի բան բերելու է հասարակութեան պառակտմանը, եթէ վիրաւորելու է հասարակութեան մի հատուածին, եթէ ցաւ է պատճառելու շատերին, ուրեմն պէտք է չարուի։ Հասարակութիւնը կալկուլիատոր (հաշուիչ մեքենայ) չէ, որ ասես` 680 հազարը մեծ է 400-ից։ Այդպէս մտածելու դէպքում մի օր ո՛չ նա կը մնայ, ոչ՝ միւսը»։