image

Հայաստանցի ականազերծողները Դամասկոսում եւս 390 000 մ² տարածք են մաքրել չպայթած զինամթերքից

Հայաստանցի ականազերծողները Դամասկոսում եւս 390 000 մ² տարածք են մաքրել չպայթած զինամթերքից

Հայաստանի «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» կազմակերպության մասնագետները Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս նահանգում եւս 390 000 մ² գյուղատնտեսական նշանակության տարածք են մաքրել չպայթած զինամթերքից եւ հանձնել տեղի իշխանություններին, տեղեկանում ենք մասնագիտական խմբի ղեկավարությունից: 

Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս Նահանգի Դարայա բնակավայրում դեռեւս 2016 թվականից դադարել էին մարտական գործողությունները, սակայն տարածքում առկա չպայթած զինամթերքի հետևանքով բնակավայրը շարունակում էր մնալ վտանգավոր եւ տեղաբնակների համար փաստացի անհասանելի:

2021 թվականի հոկտեմբերին ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Դամասկոսում ՄԱԿ-ի ականազերծման գրասենյակի միջեւ կնքված պայմանագրով հայաստանյան ականազերծման ասյ կազմակերպությունը ստանձնեց չպայթած զինամթերքից ավելի քան երկու միլիոն քառակուսի մետր տարածքների մաքրման եւ այն տեղական իշխանություններին հանձնելու գործը:

2022 թվականի դեկտեմբերի 1-ին Սիրիայի տեղական իշխանություններին արդեն իսկ հանձնվել է մակերեսային մեթոդով մաքրված ավելի քան 2 000 000 մ² եւ ենթամակերեսային ավելի քան 1 400 000 մ² գյուղատնտեսական նշանակության տարածքներ: Սույն թվականի ապրիլի 27-ին տեղի է ունեցել ընթացիկ տարվա աշխատանքների արդյունքում 390 000 մ² մաքրված տարածքի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Կատարված աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի 70 հատ ինքնաշեն եւ գործարանային արտադրության չպայթած զինամթերքներ, որոնք «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետների կողմից սահմանված կարգով տեղափոխվել են նախանշված հատուկ տարածք:  

Այդ միջոցառմանը ներկա են գտվել Սիրիայի Արաբական Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարներ, Սիրիայում հավատարմագրված օտարերկյա միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տեղական իշխանություների ներկայացուցիչներն իրենց խոսքում շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ ցուցաբերած բացառիկ աջակցության համար:

«Հայ ականազերծողների շնորհիվ է, որ այսօր հազարավոր մարդիկ վերադարձել են իրենց բնակավայրերը եւ շարունակում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով եւ դրա արդյունքում հետզհետե բարելավում է նրանց սոցիալական վիճակը» - իր խոսքում նշել է նահանգային իշխանության ներկայացուցիչ Հասան Ալ Ջասեմը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել մաքրված տարածքների հանձնման-ընդունման վկայականի քառակողմ ստորագրման հանդիսավոր արարողությունը, որը ՀՀ-ի կողմից ստորագրել է «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, սիրիական կողմից՝ «Սեֆթի Սոլուշն» ընկերության ներկայացուցիչ, ծրագրի որակի պատասխանատու Դամիան Ուոլկերը, ՄԱԿ-ի կողմից Ջոզեֆ ՄքՔարտին՝ որպես գրասենյակի տնօրեն եւ Դամասկոսի նահանգային իշխանության ներկայացուցիչ Հասան Ալ Ջասեմը: 

Սիրիայի Արաբական Հանրապետությունում «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» -ի կողմից իրականացվող աշխատանքները շարունակվում են: