image

Հայ ակնաբույժները Իրաքի Դհոկում վիրահատություններ կկատարեն

Հայ ակնաբույժները Իրաքի Դհոկում վիրահատություններ կկատարեն

 

Մայիսի 23-ից Իրաքյան Քուրդիստանի Դհոկ քաղաքի ակնաբուժական կենտրոնում մեկնարկել է մարդասիրական նպատակներով և անվճար հիմունքներով բարդ վիրահատությունների ծրագիրը, որն իրականացվում է Երևանի «Աստղիկ» հիվանդանոցի ակնաբուժական կենտրոնի տնօրեն, դոցենտ Թադևոս Հովհաննիսյանի գլխավորությամբ չորս հոգուց բաղկացած ակնաբույժների կողմից: Տեղեկությունը տրամադրել է Իրաքում ՀՀ դեսպանատունը: 

ՀՀ կառավարության աջակցությամբ և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների նախաձեռնությամբ մեկնարկած ծրագրի շրջանակներում մինչ մայիսի 29-ը հայ բժիշկների կողմից կկատարվեն մեկ տասնյակից ավելի վիրահատություններ։

Տվյալ մարդասիրական առաքելությունն իրականացվում է հայ-իրաքյան բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ի նշան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման պատրաստակամության։

Բժիշկների պատվիրակությանն ընդունել է Դհոկի նահանգապետը, ինչպես նաև նահանգապետարանի բուժվարչության գլխավոր տնօրենը, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Նահանգապետն իր երախտագիտությունն է հայտնել հայ բժիշկներին՝ անշահախնդիր մարդասիրական առաքելության կյանքի կոչման համար։