Լիբանանի հարավային Շամա բնակավայրում տեղակայված ՄԱԿ-ի զինավանում՝ UNIFIL-ի (The United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի կենտրոնակայանում տեղի է ունեցել հայկական զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողությունը, տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանատնից:
Արարողությունից առաջ Լիբանանում ՀՀ նորանշանակ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտիին: Հանդիպմանը մասնակցում էին հայ խաղաղապահների 3-րդ և 4-րդ զորախմբերի հրամանատարները: Հանդիպման ընթացքում Արտուրո Նիտտին ներկայացրել է առաքելության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները: Նա դրվատել է հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածությունը, կարգապահությունը և բազմազգ միջավայրում աշխատելու ունակությունները: Գեներալ Նիտտին առանձնահատուկ նշել է հայկական զորախմբի արագ ինտեգրման կարողությունը:
Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի կազմավորմանը, ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան լիարժեք գործառնական կարողությունների ձևավորմանը, Կոսովոյի ուժերին և Աֆղանստանի գործողություններին մասնակցության փորձառությանն առնչվող հարցերի: Զրուցակիցներն մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի խաղաղապահության զարգացման հեռանկարների, խաղաղապահության մանդատների շրջանակների ընդլայնման անհրաժեշտության շուրջ:
Պաշտոնական արարողության ժամանակ ծառայությունն ավարտող հայ խաղաղապահների 3-րդ զորախումբը լիազորությունները փոխանցել է Լիբանան ժամանած հաջորդ՝ 4-րդ զորախմբին: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել կենտրոնակայանի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտին, կենտրոնակայանի մարտական աջակցության գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ջուզեպպե Անեկկան և հայ խաղաղապահների 3-րդ զորախմբի հրամանատար մայոր Գևորգ Սայադյանը:
Գեներալ Արտուրո Նիտտին շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահներին՝ բարեխիղճ և բարձր մակարդակով ծառայություն իրականացնելու համար, գնահատանքով է խոսել նրանց կարգապահության և ծառայողական պատրաստվածության մասին: Բրիգադի գեներալը շնորհավորել է տուն վերադարձող հայ խաղաղապահներին և բարի ծառայություն է մաղթել պարտականությունները ստանձնող նոր զորախմբին:
Պաշտոնական հանդիսությունը եզրափակվել է հայ խաղաղապահների 3-րդ զորախմբի զինծառայողների պարգևատրմամբ: Վերջիններիս հանձնվել են ՄԱԿ-ի հատուկ մեդալներ` առաքելությունը հաջող ավարտելու կապակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Լիբանանի զինված ուժերի ներկայացուցիչը, զինավանի սպայական անձնակազմը, կենտրոնակայանում առաքելություն իրականացնող այլ երկրների խաղաղապահներ:
UNIFIL-ի Խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտիի հրամանատարության տակ գտնվող հատվածում ծառայում են 13 երկրների 3800 զինծառայողներ:
Գեներալ Արտուրո Նիտտին