image

Գայանե Թերզյան. Ժամանակին «Կանչը» «անդերսենյան մանուկի» դերն էր կատարում

Գայանե Թերզյան. Ժամանակին  «Կանչը» «անդերսենյան մանուկի» դերն էր կատարում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի դասավանդող Գայանե Թերզյանն այսօր էլ հաճույքով է հիշում մանկապատանեկան «Կանչ» թերթին աշխատակցելու տարիները, հատկապես այն շրջանը, որը համընկավ 88-ի ազգային զարթոնքի, ազգային-ազատագրա­կան պայքարի հետ:

Այժմ մանկավարժների, ծնողների և տարրական դասարանների երեխաների համար մի շարք ձեռնարկների հեղինակ եւ համահեղինակ Գայանե Թերզյանը arevelk.am-ի հետ զրույցում անդրադառնում է կրթության խնդիրներին:


- Տիկին Թերզյան, ժամանակին «Կանչ» թերթն ամենաընթերցվողներից էր եւ էական դեր խաղաց պատանիների մեջ քաղաքացիական գիտակցություն արթնացնելու, 88-ի իրադարձությունների մասին անաչառ տեղեկություններ հաղորդելու հարցում:


-«Կանչի» գործունեությունը կարելի է բաժանել մի քանի փուլի: Որպես մանկապատանեկան թերթ՝ «Կանչը» (նախկին «Պիոներ կանչը») միշտ էլ եղել է դաստիարակության լավ միջոց: Խորհրդային իշխանության տարիներին թերթն, ինչ խոսք, չէր կարող խուսափել նաեւ գաղափարախոսական ուղղվածությունից, սակայն առաջին հերթին այն մանկական թերթ էր: Այն ոչ միայն գիտելիքների, տեղեկատվության աղբյուր էր երեխաների համար, այստեղ տպագրվում էին դպրոցականների առաջին հոդվածները, ծնվում էին պատանեկան ստեղծագործության լավագույն նմուշները: «Կանչն», իհարկե, մեզանով չի սկսվել, և 88-ից չի սկսել: Բոլոր ժամանակներում, անկախ գաղափարախոսական ուղղվածությունից, թերթը երեխաների ազգային, քաղաքացիական դաստիարակության գործում իր ուրույն տեղն ու դերն է ունեցել: Ես ինքս էլ «Պիոներ կանչից» եմ սկսել. դպրոցական տարիներին եղել եմ «Շավիղ» պատանեկան խմբագրության խմբագիրը, հետո, տարիներ անց, երբ աշխատում էի խմբագրությունում, նաև՝ ղեկավարը։

Ինչ վերաբերում է Շարժման տարիներին «Կանչի» ունեցած դերին, ապա այն օրինաչափ էր այդ ժամանակի համար. հասարակությունը դարձել էր շատ ավելի համարձակ, ազատամիտ, եւ այդ ամենն արտահայտվում էր նաեւ թերթի էջերում: Բացի այդ, հատկապես շարժման սկզբում իշխանությունները խիստ վերահսկում էին բոլոր թերթերը, դիտարկում էին ոնց որ խոշորացույցով, իսկ «Կանչի» նկատմամբ չկար նման խիստ վերահսկողություն, հավանաբար «երեխայի տեղ էին դնում»... Եվ թերթն այդ տարիներին իր ուսերին վերցրեց նաեւ ոչ մանկապատանեկան խնդիր: Չեմ կարծում, թե դա լավագույն լուծումն էր: Ավելի շուտ դա պարտադրված քայլ էր, քանի որ մարդիկ ուզում էին պաշտոնական մամուլում գոնե մեկ-երկու բառ կարդալ այն մասին,ինչն ամեն օր տեսնում ու լսում էին Թատերական հրապարակում։ Մենք էլ ջանում էինք արձագանքել ամեն օր Թատերական հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին, այդ ամենը դիտարկել ասես երեխայի աչքերով և մանկական «միամիտ» հարցադրումներ անել։ Եթե մյուս թերթերին տրված չէր այդչափ ազատություն, ապա «Կանչը» կատարեց անդերսենյան այն մանկան դերը, որը համարձակվեց ասել՝ թագավորը մերկ է: «Կանչն» այդ առումով դարձավ փնտրված թերթ:


-Իսկ այսօր հետեւու՞մ եք մանկապատանեկան մամուլին: Ժամանակին «Կանչն» էլ, «Աղբյուր» ամսագիրն էլ պահանջված էին եւ մեծ հետաքրքրությամբ էին ընթերցվում, այսօր ի՞նչ կարող եք ասել:


-Ես, ցավոք, ուշադիր չեմ հետեւում այսօրվա մանկապատանեկան մամուլին, ուստի կխուսափեմ գնահատականներ տալ: Կարծում եմ, որ մեր ժամանակներում տպագիր մամուլն իր նախկին դերն աստիճանաբար կորցնում է։ Մանկապատանեկան մամուլի տպագիր տարբերակներն էլ ինչ-որ իմաստով իրենց սպառել են, քանի որ այսօր երեխան իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը քաղում է ինտերնետից,  եւ շատ ավելի արագ ու բազմակողմանի: Սա առաջին հայացքից վտանգավոր միտում է թվում։ Սակայն նորմալ է, որ երեխաներն էլ մեծահասակների նման ոչ միայն կարդում են, այլ նաև իրենք են հանդես գալիս էլեկտրոնային ԶԼՄ-ներում, դպրոցական կայքերում, սեփական բլոգներ են վարում։

Օրինակ, մեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  երեխաներն էլ, ուսուցիչներն էլ իրենց ուսումնական բլոգներն ունեն։ Աշակերտները կատարում են իրենց առաջադրանքները, դնում բլոգում  եւ հղումն ուղարկում ուսուցչին: Ամեն ինչ բաց է, եւ բոլորը կարող են տեսնել աշխատանքը. թե՛ ծնողները, թե՛ ընկերները, թե՛ ցանկացած այլ մարդ։  Նրանք հաճախ բլոգում են դնում իրենց ոչ միայն ուսումնական, այլ նաև հրապարակախոսական նյութերը: Ինչո՞վ է պակաս «Կանչ»-ի «Շավիղ» պատանեկան խմբագրությունից, որտեղից աճել են այսօրվա մեր շատ հայտնի լրագրողներ. Աննա Իսրայելյանը, Սաթիկ Սեյրանյանը, Արմեն Արզումանյանը, Մհեր Արշակյանը, Անուշ Թրվանցը, Աննա Գիվարգիզյանը...  (Թող ներեն այն շավիղցիները, ում անունը չտվեցի)։

Սա մի հետաքրքիր «լրագրողական» խաղ է, որը երեխաներին հնարավորություն է տալիս մեդիագրագետ դառնալ` մեդիա ստեղծելու միջոցով։ Ու ամենևին էլ պարտադիր չէ, որ նրանք լրագրող դառնան։ Միանգամայն բավարար է և այն, որ դառնում են ակտիվ քաղաքացիներ...

Այսօր, տեղեկատվական դարում և տեղեկատվական հասարակության պայմաններում մանկավարժության մեջ մի նոր ու հետաքրքիր ճյուղ է առաջացել՝ մեդիակրթությունը: Սրա կարևորությունն ընդգծել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ ամփոփելով, ի մի բերելով մեդիակրթության առաջատար երկրների փորձը և առաջարկելով մեդիակրթության դասընթացների առանձին ծրագրեր երեխաների, ծնողների, ուսուցիչների և մեդիամասնագետների համար։

Հայաստանում, օրինակ, բուհերում արդեն մեդիակրթության առաջին դասընթացներն են մտցրել, շատ հետաքրքիր ծրագիր իրականացրեց «Ինտերնյուս-Հայաստանը»՝ հրապարակելով մեդիագրագիտության մասին ձեռնարկ և կազմակերպելով դասընթացներ ավագ դպրոցների ուսուցիչների համար:

Այսօր իրականում երեք տարբեր մոտեցում կա մեդիակրթությանը։  Առաջինը կրթությունն է մեդիայի միջոցով։ Դա այսօր անում են արդեն շատ դպրոցներում և բուհերում։  Երկրորդը՝ կրթությունն է մեդիայի մասին։ Այս մոտեցման հրաշալի օրինակ է «Ինտերնյուս-Հայաստանի»  արդեն հիշատակածս  ծրագիրը։ Երեխան պետք է հասկանա, թե ինչ է մեդիան՝ զանգվածային հաղորդակցության միջոցը, պետք է ճանաչի մեդիայի ստեղծման ու գործունեության մեխանիզմները։ Եվ վերջապես երրորդ ուղղությունը  երեխաներին մեդիամշակույթի և մեդիատեքստերի միջավայրում ապրելուն նախապատրաստող կրթությունն է, որն օգնում է երեխաներին ճանաչել մեդիայի ազդեցության մեխանիզմները, հասկանալ, թե արդյոք մեդիան ինչպե՞ս և դեպի ո՞ւր է ուղղորդում հասարակությանը, որպեսզի կարողանա հասկանալ մեդիատեքստերը, դրանց ենթատեքստերը և կարողանա պաշտպանված լինել մեդիայի մանիպուլյացիաներից:

Կա այսպիսի մի հասկացություն՝ «տեղեկատվական բոժոժ»: Եթե խորհրդային տարիներին գլխավոր խնդիրը ճիշտ, հավաստի, բազմազան, բազմակողմանի տեղեկատվություն գտնելն էր, ապա հիմա հակառակն է՝ մարդը տեղեկատվական հեղեղի մեջ չի կարողանում կողմնորոշվել, դադարում է որևէ բան ընկալել եւ պարփակվում է իր «տեղեկատվական բոժոժի» մեջ՝ հրաժարվելով տեղեկատվության տարբեր աղբյուրների բազմազան, հաճախ իրարամերժ լուրերից։

Ահա թե ինչու անչափ կարևոր է, որ երեխաները դպրոցական տարիներից ստանան այդ կրթությունը, դառնան մեդիագրագետ ու տեղեկատվական առումով գրագետ մարդիկ։ Եվ լրագրողական խաղը ծառայում է որպես լավ գործիք այս խնդրի լուծման համար:

Մեդիակրթության հիմնադրույթներից մեկն ասում է՝ յուրաքանչյուր մեդիատեքստ հորինված է, այսինքն՝ ստեղծված է ինչ-որ մեկի կողմից։ Մեդիան ոչ թե արտացոլում, այլ՝մեկնաբանում է իրականությունը: Նույնիսկ ամենաօբյեկտիվ լրագրության դեպքում հնարավոր չէ իրականությունն ամբողջությամբ արտացոլել: Եթե դուք, օրինակ, գնում եք միջոցառման, որը տեւում է երեք ժամ, բնականաբար չեք կարող ամբողջությամբ արտացոլել տեղի ունեցածը եւ ընտրում եք ձեր կարծիքով ամենակարեւորը: Կրկնում եմ՝ ձեր կարծիքով։ Մինչդեռ մեկ ուրիշին կարող է թվալ, որ դուք կարևոր ինչ-որ բան բաց եք թողել...

Երեխաները պետք է նաև սա հասկանան։

Ասում են, թե համակարգիչն ու համացանցը բթացնում են երեխաներին։ Սակայն երբ դրանք օգտագործում ես որպես ճիշտ գործիք, ապա պետք չէ վախենալ, որ «մեդիա-ջինը շշից դուրս է եկել», որ մեր երեխաները տեղեկացված են ավելի շատ, քան մենք, ու ավելի շատ են հաղորդակցվում:


-Անընդհատ խոսվում է տպագիր մամուլի մահվան մասին: Չե՞ք կարծում, որ համացանցը չի կարող լրացնել այն բացը, որը լցնում են տպագիր մամուլը, գիրքը:


-Քանի դեռ կա տպագիր թերթ կարդալու անհրաժեշտություն, այն կլինի: Նաեւ ողբերգություն չեմ համարում, որ տպագիր մամուլը մի օր վերանա, եթե դրա անհրաժեշտությունն այլևս չլինի։  Վստահ չեմ, իհարկե, թե այդ օրն արդեն եկել է։ Գուցե գա, օրինակ, տասը կամ  քսան տարի հետո: Այդ դեպքում էլ սարսափելի բան տեղի չի ունենա, որովհետեւ կփոխվի նյութը, որի վրա արտացոլվում է տեղեկությունը, բայց ոչ՝ բովանդակությունը: Ժամանակին էլ մարդիկ ժայռերին են փորագրել ասելիքը, հետո՝ մագաղաթի կամ պապիրուսի վրա են գրել, հետո՝ թղթի, հիմա էլ՝ թվային կրիչների...  Ընթերցողը մնում է ընթերցող. ի՞նչ տարբերություն թերթը կամ գիրքը կարդացել է թղթի վրա, թե՝  համակարգչի էկրանին։

90-ականներին, երբ խոսքի ազատությունը եկավ, թվում էր՝ բառն ավելի մեծ արժեք ուներ, ճշմարիտ խոսք էինք որոնում։  Հիշում եմ, աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «Նարեկացու աղերսանքը» գործը պետք է տպագրվեր «Գարունում»։  Կենտկոմից արգելել էին: Տպարանի բանվորները գիշերն ամսագրից հանած այդ մամուլը թաքուն դուրս հանեցին, եւ ամբողջ Երեւանը կարդում էր դա...

Բառի կարիք կար, խոսքի կարիք: Այսօր դրա կարիքը թվում է, թե չկա, քանի որ տեղեկատվական դաշտը գերհագեցած է: Սրա կողքին ավելացել է նաև ապատեղեկատվությունը:  Մինչդեռ ես համոզված եմ, որ գրողական, լրագրողական ճշմարիտ, անկեղծ, ազնիվ, սրտացավ խոսքի կարիքը միշտ եղել է, կա ու լինելու է, անկախ այն բանից, թե ինչ նյութի վրա է այն գրվելու ....

 

 

                                                                                   Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ