Ֆրանսայի մէջ դատարանը սառեցուցած է Լազուր ափի Ռոքբրուն կապ Մարտեն հանգստավայրում գտնվող Irina Maria վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը: Պաշտոնապես այն պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա իրական շահառուն ռուսական նավթագազային հսկայի՝ «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունն է: Այս մասին, dw.com-ի փոխանցմամբ, գրել է ֆրանսիական Le Monde թերթը։
Ինչպես նշում է Le Monde-ը, վիլլան, որը տեղանքում հայտնի է Villa del Mare անունով, գտնվում է 3 հեկտար հողատարածքում: Այն, բացի բազմահարկ գլխավոր շենքից, ներառում է նաև երեք լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռի հարթակ։ Այս գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։
Վիլլայի սեփականության իրավունքը, ինչպես նաև սեփականատեր ընկերության՝ SNC Maritime Villa Holding-ի բաժնետոմսերը սառեցնելու հրամանը թվագրվում է 2024 թվականի փետրվարի 12-ով։
Ինչպես նշում է AFP-ն, Irina Maria վիլլայի նկատմամբ հետաքննությունը վարել է Փարիզի դատախազության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը (Junalco)՝ 2009 թվականի դեկտեմբերի 11-ից Փարիզում, Կիպրոսում, Ռուսաստանում և Ռոկբրուն-Կապ Մարտինում կատարված փողերի լվացման փաստերով:
Նշվում է, որ 2016 թվականին «Գազպրոմ Նեֆտ»-ը՝ «Գազպրոմ»-ի նավթային դուստր ձեռնարկությունը, վիլլան վաճառել է Սամվել Կարապետյանին։ Այնուամենայնիվ, Junalco-ի նախաքննության ընթացքում բազմաթիվ փաստեր են բացահայտվել, որոնք վկայում են այն մասին, որ վիլլան իրականում երբեք դուրս չի եկել «Գազպրոմ Նեֆտ»-ի վերահսկողությունից, հայտնում է Le Monde-ը:
Լրագրողների կողմից վերլուծված փաստաթղթերի համաձայն՝ Սամվել Կարապետյանը «Գազպրոմ Նեֆտ»-ից անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող Maritime Villa Holding SNC ընկերության բաժնետոմսերը գնել է «Գազպրոմբանկ»-ի կողմից տրամադրված 115 միլիոն եվրոյի վարկի շնորհիվ։ Վերջինս պատկանում է «Գազպրոմ»-ին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը համարվող Յուրի Կովալչուկին։