image

«Բնապահպանները» Լաչինի միջանցք հասած են Ատրպէյճանի պետական մարմիններու ուղեկցութեամբ. Արցախի Դատախազութիւն

«Բնապահպանները» Լաչինի միջանցք հասած են Ատրպէյճանի պետական մարմիններու ուղեկցութեամբ. Արցախի Դատախազութիւն

Արցախի Դատախազութիւնը որոշ արձանագրումներ կատարած է Արցախի 12-օրեայ շրջափակման շուրջ հնչող յայտարարութիւններու առնչութեամբ:

«Ինչպէս յայտնի է, 2022թ. դեկտեմբերի 12-ից Ատրպէյճանի քաղաքացիների կողմից փակուել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը եւ առ այսօր այն պահւում է անանցանելի վիճակում: Ատրպէյճանը պաշտօնապէս հերքում է ճանապարհը փակելու գործընթացին պետութեան մասնակցութիւնը, յայտարարում է ճանապարհի բաց եւ անվտանգ լինելու մասին: Այդուհանդերձ որոշակի տուեալների համադրումը, ինչպէս նաեւ իրականացուած քրէադատավարական եւ օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքներով ձեռք բերուած փաստերը թոյլ են տալիս կատարելու որոշակի եզրայանգումներ եւ արձանագրումներ, որոնք ամբողջապէս փոխում են գործողութիւնների ողջ տրամաբանութիւնն ու բացայայտում ատրպէյճանական կողմի յայտարարութիւնների իրական նպատակները:

Այսպէս.

• 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 1-ին կէտի համաձայն՝ «Ատրպէյճանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, այսուհետ՝ Կողմեր, կանգնում են իրենց զբաղեցրած դիրքերում»: Նշուածից ակնյայտ է, որ խօսքը վերաբերում է պետութիւններին (ոչ թէ զինուած ուժերին), ինչից հետեւում է, որ Կողմերը ստանձնել էին որոշակի շփման գիծ չխախտելու պարտականութիւն, որը ատրպէյճանական կողմը չի կատարել:

• Բնապահպան ներկայացող անձինք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակուած հատուած հասել են Ատրպէյճանի Հանրապետութեան պետական մարմինների ուղեկցութեամբ, քանզի 2020թ. 44-օրեայ պատերազմից յետոյ Ատրպէյճանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում ազատ տեղաշարժն արգելուած է:

• Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակուած հատուածում գտնուող Ատրպէյճանի քաղաքացիների թուում կան յատուկ ծառայութիւնների կամ զինուած ուժերի նախկին ու գործող ներկայացուցիչներ, ներգրաւուած են պետական ֆինանսաւորմամբ գործող հասարակական կազմակերպութիւնների անդամներ:

• Հայաստանի Հանրապետութեան կողմից մարդու իրաւունքների եւրոպական դատարան ներկայացուած միջպետական հայցին ի պատասխան Ատրպէյճանը պաշտօնապէս յայտնել է, որ ճանապարհը փակ է պահւում ռուս խաղաղապահների կողմից, մինչդեռ հրապարակուած տեսանիւթերը փաստում են հակառակը:

• ՄԻԵԴ-ին ներկայացուած գրաւոր պարզաբանումներում Ատրպէյճանը բացառել է «բնապահպանների կողմից Լաչինի միջանցքում տեղակայուելու» գործընթացին պետութեան մասնակցութիւնը կամ կազմակերպումը, իսկ այդ դէպքում տարակուսելի են ճանապարհը երթեւեկութեան համար անվտանգ ու երաշխաւորուած լինելու մասին ատրպէյճանական կողմի յայտարարութիւններն ու պնդումները:

• Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակմանը բացայայտօրէն մասնակցել են այնպիսի անձինք, ովքեր նախկինում հրապարակայնօրէն հանդէս են եկել հակահայ խօսքով ու վարքով, սոցիալական ցանցերում հպարտօրէն ներկայացել են ատելութիւն քարոզող գրառումներով, հայի սպանութեան համար դատապարտուած անձի հետ լուսանկարով: Նման պայմաններում ճանապարհը «բաց եւ անվտանգ» լինելու մասին յայտարարութիւնները խաբկանք են եւ միջազգային հանրութեանը մոլորեցնելու փորձեր:

• 2020թ. 44-օրեայ պատերազմից հանրութեանը յայտնի՝ խաղաղ բնակչութեան նկատմամբ կատարուած ամենադաժան վայրագութիւնների պայմաններում Ատրպէյճանը Արցախի նոյն բնակչութեանն առաջարկում է ճանապարհի շրջափակուած հատուածով «անխոչընդոտ ու անվտանգ» կապ Հայաստանի հետ»: