Ազգային ժողովը 64 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը կառավարությունը հաստատել էր հունվարի 9-ին։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց օրինագծի քվեարկությանը։
Նախագծի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ, հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանի խոսքով՝ այս օրենքն արտահայտում է հայ ժողովրդի կամքը։
«Սա անդամակցություն չէ, անդամակցությունը լինելու է հանրաքվեով։ Երբ ՀՀ-ն պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին՝ այդ իրավական ակտն ընդունելու է ժողովուրդը։ Սա գույքագրում է, երբ ՀՀ-ն արձանագրում է իր ցանկությունը»,- ասել է Զեյնալյանը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, հարակից զեկուցող Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ քննարկվող օրինագիծը համապատասխանում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, հասարակության բարեկեցության բարձրացման, անվտանգության, դիմակայունության ու իրավունքի ամրապնդման Հայաստանի հանձնառությանը:
Նագախծի տեքստում որոշակի փոփոխություն է կատարվել առաջին ընթերցումից հետո։ Երկրորդ ընթերցմանը ներկայացնելուց առաջ նախագծի նախաբանից դուրս է եկել առաջին հատվածը՝ «ՀՀ-ն, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, …»։
Կառավարությունն առաջարկել է օրենքն ընդունել առանց նախաբանի:
Խմբագրվել և վերաշարադրվել է նաև նախագծի տեքստի երկրորդ հատվածը․
«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»:
Օրենքի նախագիծը կառավարությանը ներկայացվել էր ԵՄ-ին անդամակցության հարցով 2024-ին Հայաստանում անցկացված ստորագրահավաքի արդյունքում, որի ընթացքում պահանջվող 50 000 ստորագրության փոխարեն հավաքվել էր ավելի քան 52 000-ը։ Ստորագրահավաքը նախաձեռնել էր «Ժողովրդավարական ուժերի պլատֆորմը», որում միավորված են արտախորհրդարանական չորս կուսակցություն և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել էր «Եվրոպական միությանը ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։