image
Հրատապ լուրեր:

ԱԺ-ի շէնքի անվտանգութիւնը դէպի խստացում

ԱԺ-ի շէնքի անվտանգութիւնը դէպի խստացում
Ազգային ժողովին մէջ անվտանգութեան միջոցառումներու խստացումը չի սահմանափակուիր միայն լրագրողներու տեղաշարժի վերաբերեալ նոր կարգաւորումներով եւ ԱԺ նիստերու դահլիճի մուտքերու մօտ մետաղորսիչ սարքեր տեղադրելով։ ԱԺ աշխատակազմը կը քննարկէ խորհրդարանի  միջանցքներուն մէջ նոր  դուռեր տեղադրելու եւ պատգամաւորներուն ելեկտրոնային անցաթուղթեր բաժանելու մասին։  
 
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորեանը հաստատելով, որ նման աշխատանքային քննարկումներ կան, NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է, թէ նման միջոցառումներ նախաձեռնելու նպատակը ոչ թէ սահմանափակումներն են, այլ ԶԼՄ-ներու եւ ԱԺ աշխատակազմի կապը աւելի համակարգային ու գործընկերային դարձնելը։
 
«Դրա անհրաժեշտութիւնը բխում է միմիայն անվտանգութեան նկատառումներից։ Մենք յղում ենք անում ռեժիմին, որն ընդունուել է  2016թ.–ի դեկտեմբերի 16–ին, եւ ուժի մէջ մտել 2017–ին, սակայն չի ներառել «ԱԺ Կանոնակարգ» օրէնքի կէտերը։ Այդ կէտերը հիմա զետեղուել են, եւ հենց դրանով են պայմանաւորուած փոփոխութիւնները, որոնք, կրկնում եմ, բխում են անվտանգութեան նկատառումներից, վստահեցնում եմ, որ այլ միտում չկայ։ Լրագրողները իրաւունք կ'ունենան իրենց գործունէութիւնն իրականացնել նախատեսուած յատուկ վայրերում։ Բացի դրանից, եթէ, օրինակ, լրագրողը ցանկանայ պատգամաւորին նկարահանել  իր աշխատասենեակում, նրան կ'ուղեկցեն պատգամաւորի սենեակ։ Եթէ այդ դռների գաղափարն իրականանայ, ապա առանց ուղեկցողի, օրինակ՝ դուք,  չէք կարող անցնել դրանից առաջ»,–  նշած է  Աննա Գրիգորեանը։