Այն ժամանակ երկիրը լրջագոյն վիճակի մէջ կը գտնուէր. Երկրի պիւտճէն ընդամէնը 300 միլիոն տոլար էր. ուսուցիչի աշխատավարձը 5 հազար դրամ էր, թոշակը 2,5 հազար դրամ էր, որ մէկ տարի չէին տար. հիմա այդ ամէնը ձգես, երթաս նախկիններու ետեւէն իյնաս, ասոր բռնես, անոր բռնես, քու ամբողջ ուժդ ծախսես մէկ բանի վրայ, որ վերջաւորութեան 2-3 հոգի դատուին: Այս մասին նախօրէին Կոտայքի մարզի քաղաքացիներու եւ «Հայաստան» դաշինքի համակիրներու հետ հանդիպման ժամանակ նշած է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխաւորող Ռոպերթ Քոչարեանը՝ անդրադառնալով հարցին, թէ արդեօք չի՞ զղջար, որ 1998-ին քաղաքական գնահատական չէ տուած նախկին իշխանութիւններուն:
«Չպէտք է մոռանանք, որ այն ժամանակ երկրում եղել է ներքաղաքական լարուածութիւն, եղել է դժգոհութիւն իշխանութիւններից, բայց այն ժամանակ մենք պատերազմ չենք պարտուել, կորուստ ունենալով, նաեւ այսպիսի զոհեր ունենալ. այսպիսի բաներ այն ժամանակ չի եղել։ Այն ժամանակ իսկապէս դա աւելի շատ կը լինէր վենդետայի (վրէժի) նման ինչ-որ մի դրսեւորում, ինչը չէի ուզում անել։ Անցեալը մի վտանգաւոր բան ունի, կարող է գնաս ու մնաս այնտեղ, չկարողանաս ետ գալ. երբ հայեացքդ անընդհատ անցեալ է լինում, ապագան դժուար ես տեսնում»,- նշած է ան։
Ռոպերթ Քոչարեանի խօսքով՝ կառավարման տեսանկիւնէ պէտք է առաջ նայիլ. «Ոտքերի տակ նայելով՝ միշտ մի բանով ես ընկնում, մի քիչ էլ պիտի հեռուն նայես»։
Անդրադառնալով Մեղրիի միջանցքի հարցին՝ Քոչարեանն ըսած է. «Ընդհանրապէս միջանցք բառը հիմա չպէտք է օգտագործենք։ Եթէ խօսքը գնում է բոլոր կոմունիկացիաների (հաղորդակցութիւններու), ազատ աշխատանքի մասին, այո, բոլոր կոմունիկացիաները թող ազատ աշխատեն. ի՞նչ է նշանակում միջանցք։ Այս պահին քննարկել՝ որպէս միջանցք մեզ համար ձեռնտու չի։ Երբ ասում են՝ հեսա կը բացուի, ամէն ինչ կը սկսի աշխատել եւ այլն, այդպէս չէ, որովհետեւ եթէ իրենք, եւ իրենք արդէն յայտարարել են, Թուրքիան երկաթուղի է կառուցելու Նախիջեւանից Իկտիր, ընդմանէնը 82 -87 քիլոմեթրանոց հատուած է լինելու։ Հենց դա միացնում են, այդ երկաթուղին, այդ կտորը չեն բացելու։ Այն դառնալու է միջանցք, որը կապելու է Թուրքիան Ատրպէյճանի եւ Կեդրոնական Ասիայի երկրների հետ»։
Երկրորդ նախագահի խօսքով՝ այդ միջանցքն աշխարհաքաղաքական առումով չափազանց լուրջ հետեւանքներ պիտի բերէ։