Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այս տարի տոնախմբելու է ապրիլի 9-ին: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Այս կապակցությամբ հայոց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության հատուկ կարգ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվեն հետևյալ արարողությունները.
1. Առավոտյան ժամը` 10:00-ին, Մայր Տաճարի շրջափակում տեղի կունենա Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության հատուկ կարգ:
2. Ս. Պատարագի ավարտին` ժամը` 13:00-ին, կկատարվի մանուկների օրհնություն:
Այս տարի Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը Նորին Սրբության օրհնությամբ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Հրազդանի Երեխաների աջակցության հիմնադրամի ցերեկային կենտրոնի հաշմանդամություն ունեցող շուրջ 150 երեխաների: Օրհնության կարգից հետո ցերեկային կենտրոնի սաների համար կկազմակերպվի ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանուկներին նվերներ կբաշխի տոնի առիթով: