image

Ատրպէյճանի սադրիչ գործողութիւններն արդարացում չունին․ Հայաստանի ԱԳՆ

Ատրպէյճանի սադրիչ գործողութիւններն արդարացում չունին․ Հայաստանի ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն յայտարարութիւն տարածած է ապրիլ 5-ի լոյս 6-ի գիշերը ատրպէյճանական կողմէն սահմանային հրաձգութիւններու վերաբերեալ՝ շեշտելով, որ «Ատրպէյճանի Հանրապետութեան Զինուած ուժերու սադրիչ գործողութիւններն արդարացում չունին»:

«Սահմանի բազմաթիւ հատուածներում անկանոն կրակահերթեր բացելով, մի քանի տասնեակ զինուորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնյայտօրէն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետութեան Զինուած ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողութիւնների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատւութիւնը «հիմնաւորող» փաստեր ստանալու համար»,- նշուած է յայտարարութեան մէջ։

Հայաստանի ԱԳՆ-ն վերահաստատած է, որ Հայաստանը տարածաշրջանին մէջ իրադրութեան սրմամբ հետաքրքրուած չէ եւ Ատրպէյճանին կոչ ըրած է դադրեցնելու իրադրութեան սրման հասնելու գործողութիւնները:

«Չարդարացուած ենք համարում նաեւ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում պաշտպանական կառոյցների ստեղծման վերաբերեալ Ադրբեջանի գնահատականները, քանի որ բանակի եւ բանակային ենթակառուցուածքների բարեփոխումները ցանկացած երկրի ինքնիշխան իրաւունքն է: Միեւնոյն ժամանակ յիշեցնում ենք, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զօրքերի հայելային յետքաշման, սպառազինութիւնների վերահսկման փոխադարձ մեխանիզմների ներդրման, չյարձակման պայմանագիր կնքելու, պետական սահմանին յարակից տարածքներն ապառազմականացնելու Հայաստանի Հանրապետութեան առաջարկները Ադրբեջանի կողմից շարունակում են մնալ անարձագանգ»,- նշուած է յայտարարութեան մէջ։