Իրաւունքի եւ արդարութեան կեդրոն «Թաթոյեան» հիմնադրամն Արցախի մէջ տեղի ունեցած վերջին իրադարձութիւններու վերաբերեալ հաղորդագրութիւն տարածած է, որու մէջ, մասնաւորապէս, ըսուած է․
«Արցախի կեանքի ճանապարհը փակելու 114-րդ օրը՝ ապրիլի 4-ին , ադրբեջանական կառավարութեան գործակալները ահաբեկել են Գորիսից Ստեփանակերտ գնացող 27 քաղաքացիներին ու խոչընդոտել նրանց տեղաշարժը։
1. Ադրբեջանական «էկոակտիւիստները» ներխուժել են մեքենաներ, ահաբեկել ու սպառնացել են մարդկանց։
2. Ադրբեջանական կողմը նշում է, որ մեքենաներում եղել են տղամարդիկ` իբր փորձելով արդարացնել իրենց արարքը: Ապացոյցները վկայում են, որ Ստեփանակերտ գնացողների մէջ եղել են բացառապէս Արցախի քաղաքացիներ, մեծամասամբ տարեցներ, երեխաներ եւ հաշմանդամութիւն ունեցող անձիք։ Կատարուածի հետեւանքով վատացել է 4 կանանց ինքնազգացողութիւնը։
3. Արցախ մուտք գործելու հնարաւորութիւն տալու համար ադրբեջանական «էկոակտիւիստները» ապօրինաբար առաջ են քաշել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիութիւն» եւ ստուգել բոլոր անձանց։
5. Կատարուածը կրկին ապացուցում է, որ Արցախի կեանքի ճանապահը փակած «էկոակտիւիստները» կապ չունեն շրջակայ միջավայրի կամ բնութեան պահպանութեան հետ։
6. Այդ «էկոակտիւիստները» գործում են ադրբեջանական իշխանութիւնների հրահրմամբ ու նրանց հովանու ներքոյ, հետապնդում են քաղաքական նպատակներ: Նրանց մի մասն էլ կա´մ գործող ու նախկին զինուորականներ են, կա´մ աշխատում են ադրբեջանական իշխանութեան մարմիններում:
7. Արցախի կեանքի ճանապարհը փակած «էկոակտիւիստները» հայերի հանդէպ լցուած են ատելութեամբ, զբաղուած են ադրբեջանական իշխանութիւնների թշնամանքի քարոզով: Աւելին՝ արգելելով մարդկանց մուտքը Արցախ, ապացուցում են, որ ադրբեջանական իշխանութիւնները իրականացնում են էթնիկ զտման քաղաքականութիւն։
Ռուս խաղաղապահների ուղեկցութեամբ Ստեփանակերտ գնացող մեքենաները, ստեղծուած իրավիճակում, ստիպուած վերադարձել են Գորիս։
Մարդիկ զրկուել են իրենց ընտանիքներին միանալու հնարաւորութիւնից։
Կատարուածը կրկին ապացուցում է, որ Ադրբեջանի կառավարութեան գործակալները՝ «էկոակտիւիստները», Արցախում ստեղծում են լրջագոյն խնդիրներ ու այդ համատեքստում շինծու մարդասիրական քայլերով փորձում են մոլորեցնել միջազգային հանրութեանը։
Կատարուածի մասին բոլոր մանրամասներն ու տեղեկութիւնները Իրաւունքի եւ արդարութեան կեդրոն «Թաթոյեան» հիմնադրամը քննարկել է Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանի հետ, որը հաստատել է տեղեկութիւնները։
Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող կեանքի ճանապարհը փակած «էկոակտիւիստների» իրական մտադրութիւնների, նրանց հայատեաց քաղաքականութեան ու ադրբեջանական իշխանութիւնների հետ ուղիղ կապի մասին բոլոր փաստերը Իրաւունքի եւ արդարութեան կեդրոն «Թաթոյեան» հիմնադրամն ու Արցախի մարդու իրաւունքների պաշտպանը ներկայացրել էին 300-էջանոց զեկոյցում, որը ուղարկուել է միջազգային կառոյցներին։
Այս յայտարարութիւնը նոյնպէս կ'ուղարկուի միջազգային կառոյցներին»: