Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդ՝ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեան ուղերձ յղած է, որ կը ներկայացնենք ստորեւ.
«Ատրպէյճանը պետական մակարդակով մշակուած ծրագրերին համահունչ քայլեր է կատարում: Մենք գիտակցում ենք, որ Ատրպէյճանը եւ իր կողքին կանգած Թուրքիան երբեք չեն հրաժարուել այն մտադրութիւնից, որ այս տարածքներն իրենց պէտք են առանց հայկական բնակչութեան: Կարծես թէ տարիներն անցնում են, եւ մենք մոռացութեան ենք տալիս այս փաստը: Կարծես թէ պատմութիւնն ուսումնասիրում ենք, բայց մոռացութեան ենք տալիս մեր ընթերցածը: Կարծես լսում ենք ցեղասպանութիւնը վերապրած մարդկանց, բայց չենք լսում: Մենք պէտք է հասկանանք ինչու ենք այդպէս, ինչու էք այդքան շուտ մոռանում այն, ինչ արձանագրուել է մեր սրտի, հոգու եւ արեան գնով:
Ատրպէյճանցին իր ծրագրերից չի հրաժարուելու՝ անկախ այն բանից, թէ ինչ պայմաններ իրեն կ'առաջարկուեն, իրենց գաղափարախօսութիւնը չեն փոխելու, որովհետեւ դա իրենց ազգայինն է: Խնդիրը մեր մէջ է, թէ ինչքանով ենք մենք կարողանում մեր իսկ հարազատ, բայց մեր անձը կործանող «ես»-ից, մեր միտքը կործանող անտարբերութիւնից հրաժարուել: 2000 տարի առաջ Քրիստոսն այս խօսքերով է դիմել մարդկանց եւ ազգերին, որ ես եմ ճանապարհը ճշտմարտութեան եւ կեանքը: Ովքեր ցանկանում են գալ այդ ճանապարհով, պէտք է ուրանան իրենց ամէն ինչը, «ես»-ը եւ խաչը վերցնեն իրենց յետեւից:
Մենք դա էլ չենք անում, ոչ Քրիստոսին ենք հետեւում, ոչ էլ մեր պատմութեանը, ուստի դառնում ենք խոցելի, իսկ ով խոցելի է, թոյլ է եւ տկար: Այս ամէնը վերականգնելու համար պէտք է, որ մեր աջ ձեռքը լինի Քրիստոսի խաչի վրայ, միւս ձեռքը լինի մեր պատմութեան վրայ: Սա կը նշանակի, որ մեր հոգին եւ միտքը ներդաշնակ են: Մենք միայն այս ճանապարհով կը կարողանանք հետեւել լոյսին, նայելով դէպի երկինք, թէպէտ մեր ճանապարհները փակ են, բայց դէպի վեր եւ ճանապարհը բաց է: Սա մեզ պէտք է համախմբի միաւորի, դարձնի մէկս միւսին սիրող, ներողամիտ, ներդաշնակ մեր արարքներում: Իրապէս ծանր վիճակում ենք, բայց եթէ առաջնորդուենք նշածս գործօններով, իրապէս կը յաղթանակենք»։