image

Արցախի Ազգային Ժողովը դժգոհ է Փաշինեանի խօսքերէն

Արցախի Ազգային Ժողովը դժգոհ է Փաշինեանի խօսքերէն

Արցախի Ազգային ժողովը հանդէս եկած է յայտարարութեամբ՝ Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեան ու ինքնիշխանութեան սպառնացող վտանգներու եւ մարտահրաւէրներու մասին: Քուէարկութեան ներկայ եղած են Արցախի ԱԺ 33 պատգամաւորներէն 28-ը, եւ բոլորը կողմ քուէարկած են:

Յայտարարութեան մէջ կ'ըսուի. «Ղարաբաղեան հիմնախնդրի տարեգրութեան ողջ ընթացքում պարբերաբար շրջանառւում են հիմնախնդրի էութիւնը խեղաթիւրող եւ նենգափոխող յայտարարութիւններ, որոնք բարդացնում ու խճճում են հակամարտութեան համապարփակ եւ վերջնական կարգաւորման գործընթացը։ Անթոյլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների կողմից Արցախի անձնականութիւնը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նուազեցնող ցանկացած յայտարարութիւն։ Տարակուսելի է, որ վերջին նման յայտարարութիւնը հնչել է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի կողմից՝ Դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ընթացքում։

Արցախի ճակատագիրը որեւէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել եւ չի լինելու։ Արտայայտելով Արցախի Հանրապետութեան հանրային եւ քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը՝ մեր անհամաձայնութիւնն ու վրդովմունքն ենք յայտնում հարցազրոյցի ընթացքում հնչած մի շարք վնասակար եւ վտանգաւոր ձեւակերպումների ու գաղափարների առթիւ։

Մտահոգութիւն է առաջացնում այն փաստը, որ 1988 թ. ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղեան շարժման արդիւնքների ֆոնին հնչեցւում են ձեւակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991 թուականի Սեպտեմբերի 2-ին հռչակուած եւ միջազգային իրաւունքի նորմերին լիովին համապատասխան ձեւաւորուած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան գոյութիւնը եւ նրա տեւական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղութեամբ։

Նախորդ տարիների բանակցային գործընթացում հայկական կողմերի  իրաւական եւ քաղաքական հիմքերը եւ մեր ազգային շահերի պաշտպանութիւնն այդ համատեքստում որեւէ հակասութեան մէջ չէր մտնում միջազգային կառոյցների եւ միջնորդների ներկայացրած դիրքորոշումների հետ։

Այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը երբեք չի անտեսուել միջնորդների կողմից նախկինում ներկայացուած առաջարկութիւններում, հաստատւում է նաեւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների կողմից տրուած պարզաբանումներում։

Բանակցային գործընթացում տարբեր տարիների քննարկուած աշխատանքային տարբերակների եւ բանակցային ձեւաչափի հնարաւոր փոփոխման մասին շահարկումները մտահոգիչ եւ վտանգաւոր են։

Անընդունելի ենք համարում Արցախի հայկականութիւնը կասկածի տակ դնող եւ հնարաւոր օտար տարրերի ներկայութեան կարեւորութիւնը ընդգծող յայտարարութիւնները, որոնք մերժելի ու պարսաւելի են Արցախի ազատութեան եւ անկախութեան համար իրենց կեանքը զոհաբերած հազարաւոր հայորդիների յիշատակի դիմաց։

Գլուխ խոնարհելով արցախեան գոյապայքարի բոլոր նահատակների առջեւ, միաժամանակ երախտագիտութիւն ենք յայտնում համայն հայութեանը, մասնաւորապէս ՀՀ մեր հայրենակիցներին՝ Արցախի կողքին կանգնելու, նրա տառապանքներն ու զրկանքները միասին կիսելու համար:

Հայկական երկու հանրապետութիւնների եղբայրական փոխյարաբերութիւնների հիմքում տարիներ շարունակ անխափան գործել է դեռեւս 1992թ. Յուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի ընդունած որոշումը, որը յստակ սահմանել է միջազգային հանրութեան լիիրաւ անդամ Հայաստանի Հանրապետութեան վերաբերմունքը միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետութեան նկատմամբ: Այդ որոշմամբ ՀՀ-ը պարտաւորւում է «հետեւողականօրէն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը եւ նրա բնակչութեան իրաւունքների պաշտպանութեանը»: Սահմանւում է նաեւ, որ «Հայաստանի Հանրապետութեան համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նշուած կը լինի Ատրպէյճանի կազմում»: Այս բանաձեւը արդիական է նաեւ այսօր:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը, վերահաստատելով Արցախի ժողովուրդին եւ իշխանութիւններուն դիրքորոշումը Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ անկախութեան հարցին մէջ, կը յայտարարէ՝

անընդունելի է առանց Արցախի իշխանութիւններու տեսակէտը հաշուի առնելու դիրքորոշում յայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրաւասութիւն ունին միայն Արցախի Հանրապետութեան քաղաքացիների կողմէ ընտրութիւններու միջոցով ձեւաւորուած  իշխանութիւնները։