Հուսամ՝ ոչ ոք երբևէ ստիպված չլինի ապրել այս երկվությունը: Ախր, ինչպե՞ս է հնարավոր Ապրիլի 23-ը տոնել ավելի ուրախ: Ախր, ինչպե՞ս է հնարավոր Ապրիլի 24-ը ջնջել մարդկանց հիշողություններից: Իրականության մեջ սրանք անլուծելի հարցեր չեն: Եթե Ապրիլի 23-ը տոն է բոլոր երեխաների համար, իմ կարծիքով այն ինչ-որ կերպ պետք է տոն դառնա նաև հայ երեխաների համար: Նրանց նույնպե՛ս հրավիրեք տոնակատարություններին: Հաշտեցրե՛ք երեխաներին, ծանոթացրե՛ք իրար հետ... Ու թող սա չլինի միայն Ապրիլի 23-ին, Ապրիլի 24-ն էլ միացրեք, մի՛ մոռացեք: Այդ օրերն ավելի՛ երկար դարձրեք, վերցրեք ամբողջ ապրիլ ամիսը, նույնիսկ՝ ամբողջ գարունը: Ասենք թե՝ ի վիճակի չեք սա անել․ եղած թշնամությունը խանգարում է սրան: Ուրեմն, գոնե թողե՛ք աշխարհը երեխաներին, նրանք կհարթեն այս խնդիրը, միայն դե դուք նրանց չխանգարեք:
Ապրիլի 23-ը տասնամյակներ տևած երկունքի ցավերից դուրս ելած ազգիամենակարևոր սպիտակ օրերից է: Այս օրը խորհրդարանում ամրապնդվել է՝ «Ինքնիշխանությունն անվերապահորեն պատկանում է ժողովրդին» աքսիոմը: Օրը ժառանգություն է նաև վաղվա, ապագայի երեխային և երիտասարդին՝ այսինքն կյանքին ինքնին: Թերևս, սա թուրք ազգի ամենախելացի պայծառատեսության ամսաթիվն է: Եվ ինչ հիանալի ձևով է համատեղված «ապագան» ու «երեխան»: Եվ ինչ հիանալի միտք է տարիներ հետո Ապրիլի 23-ը կիսել աշխարհի բոլոր երեխաների հետ: Շնորհավո՜ր երեխաների տոնը՝ թուրք երեխաների ու աշխարհի երեխաների:
Աշխարհի բոլոր անկյուններում «սփռված» հայ ազգի համար Ապրիլի 24-ը շատ նշանակալի սև օր է: Հենց մի քանի հայ իրար գլխի է հավաքվում, նրանք միանգամից պաստառներով դուրս են գալիս փողոցներ: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ են այս մարդիկ ապրիլի 24-ի օրը փողոց դուրս գալիս: Մտովի հետ գնանք 1915թ․ ապրիլի 24-ի լուսադեմ: Ստամբուլում ապրող հայերին, մասնավորապես՝ մտավորականներին, գրողներին, արվեստագետներին, ուսուցիչներին, իրավաբաններին, բժիշկներին ու պաշտոնյաներին հատ առ հատ ձերբակալում ու տանում էին իրենց տներից: Տանում էին հեռու... անվերադարձ: Այս օրը սկիզբն է «հայության պատմական ողբերգության», որն օրերի ընթացքում տարածվեց Օսմանյան կայսրության մնացած տարածքով։
Չգիտեմ՝ էլ ո՞վ կարող է սա ըմբռնել․լինել և՛ հայ, և՛ թուրքաբնակ, տոնել ապրիլի 23-ն իր ողջ ուրախությամբ ու ապրել հաջորդ օրն՝ իր ողջ տխրությամբ...Տեսնես քանի՞ հոգի է այսպիսի երկվություն ապրում: Հեշտ չէ ո՛չ ըմբռնելը, ո՛չ էլ բացատրելը:
Հուսամ՝ ոչ ոք երբևէ ստիպված չլինի ապրել այս երկվությունը: Ախր, ինչպե՞ս է հնարավոր Ապրիլի 23-ը տոնել ավելի ուրախ: Ախր, ինչպե՞ս է հնարավոր Ապրիլի 24-ը ջնջել մարդկանց հիշողություններից: Իրականության մեջ սրանք անլուծելի հարցեր չեն: Եթե Ապրիլի 23-ը տոն է բոլոր երեխաների համար, իմ կարծիքով այն ինչ-որ կերպ պետք է տոն դառնա նաև հայ երեխաների համար: Նրանց նույնպե՛ս հրավիրեք տոնակատարություններին: Հաշտեցրե՛ք երեխաներին, ծանոթացրե՛ք իրար հետ... Ու թող սա չլինի միայն Ապրիլի 23-ին, Ապրիլի 24-ն էլ միացրեք, մի՛ մոռացեք: Այդ օրերն ավելի՛ երկար դարձրեք, վերցրեք ամբողջ ապրիլ ամիսը, նույնիսկ՝ ամբողջ գարունը: Ասենք թե՝ ի վիճակի չեք սա անել․ եղած թշնամությունը խանգարում է սրան: Ուրեմն, գոնե թողե՛ք աշխարհը երեխաներին, նրանք կհարթեն այս խնդիրը, միայն դե դուք նրանց չխանգարեք:
Մի այլ յուրահատկությամբ եմ սիրում ես ապրիլի 23-ները: Այս օրն էր նաև, որ ամուսնացա իմ սիրելի կնոջ հետ: Ապրիլի 23-ն ու ապրիլի 24-ը կապող գիշերը մենք կյանք տվեցինք մեր առաջին երեխային: Դա ապրիլի 23-ը չէր, ոչ էլ՝ ապրիլի 24-ը: Այդ պահը, թերևս, ապրիլի 23,5-ն էր:
«Ակօս», 1996թ․ ապրիլի 23