Կանանց տոնին ընդառաջ` ՀՀ Սփյուռքի նախարարության եւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի անմիջական հովանավորությամբ եւ նախաձեռնությամբ, մարտի 6-ին եւ 7-ին ԵՊՀ-ի 8-րդ ուսումնական մասնաշենքի նախասրահում բացվեց արդեն ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Այս անգամ մասնակիցների թիվը գերազանցում էր 6 տասնյակը, ովքեր ներկայացնում էին իրենց՝ բացառապես ձեռագործ աշխատանքները, մեր հասարակության քիմքին անսովոր, բայցեւ գրավիչ արեւելյան տարատեսակ քաղցրավենիքներ եւ ճաշատեսակներ, յուրօրինակ ու անուշաբույր համաեմունքներ եւ այլն:
Ցուցահանդեսի մասնակիցների թվում էր Դալիթա Դեկիրմենջյանը, որ ընտանիքի հետ Հալեպից 3 տարի առաջ է եկել Հայաստան: Վերջինս շուրջ 25 անգամ մասնակցել է նմանատիպ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառների՝ ներկայացնելով քացրավենքների եւ ճաշատեսակների մեծ տեսականի: Այս անգամ տիկին Դալիթայի սեղանը զարդարված էր բազմապիսի կերակրատեսակներով. սեղանի զարդն էր խաղողի տերեւով պատրաստված հայկական տոլման, ինչպես իրենք են կոչում՝ սարման: Կար նաեւ քաղցրավենիքի լայն ընտրանի՝ դարչինով ռուլետ, քնջութով, ընկույզով, հնդկընկույզով (կոկոսով) կարկանդակներ, որոնք արդեն հասցրել են մեծ պահանջարկ վայելել եւ սիրվել հայ հասարակության կողմից: «Արեւելք»-ի հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են ընտանիքով հետագայում Հալեպ վերադառնալ, տիկին Դալիթան պատասխանեց, որ իր ընտանիքի ապագան այսուհետ տեսնում է հայրենիքում:
Մասնակիցների թվում էր նաեւ Անժելան Կիրկյանը, որը մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայներ է: Երեք տարի առաջ՝ Սիրիայում բարձրագույն կրթություն ստանալուց հետո նա տեղափոխվել է Հայաստան: Ցուցահանդեսին Անժելան ցուցադրում էր սպասքի տեսականի, որի վրա ձեռքի աշխատանք էր արված՝ յուրօրինակ վրձնանկարներ: Վերջինս նշեց, որ ցուցահանդես-տոնավաճառին առաջին անգամ է մասնակցում եւ գոհ է արդյունքներից:
Նշենք, որ սա թվով 15-րդ ցուցահանդես-տոնավաճառն է, որին մասնակցում են սիրիահայերը:
Տաթեւիկ Մուրադյան