image

Անվանի լրագրող, շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանի անունով Երեւանում դասասենյակ է անվանակոչվել

Անվանի լրագրող, շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանի անունով Երեւանում դասասենյակ է անվանակոչվել

Երեւանի Ստ. Շահումյանի անվան համար մեկ դպրոցի շախմատի դասասենյակն օրերս անվանակոչվել է շախմատային մեկնաբան, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար (1970-2015), ՀՀ վաստակավոր լրագրող Գագիկ Հովհաննիսյանի անունով: 

Դպրոցը, իր մեկդարյա կենսագրության ընթացքում, ունեցել է բազաթիվ անվանի շրջանավարտներ, որոնցից մեկն էլ եղել է Գագիկ Հովհաննիսյանը, որի ներդրումն անգնահատելի է ինչպես լրագրության, կրթության ասպարեզներում, այնպես էլ՝ շախմատի զարգացման եւ հանրահռչակման գործում:   

2015 թվականին, հեռաալով կյանքից, անվանի լրագրողն ու շախմատային մեկնաբանը թողել է հարուստ ժառանգություն, որի մասին խոսվեց անվանակոչության առթիվ դպրոցում կազմակերպված հուշ-դասի ընթացքում: Դասասենյակը Գագիկ Հովհաննիսյանի անունով կոչելու եւ շախմատի նվիրյալի հիշատակը հարգելու նախաձեռնությունը Ստ. Շահումյանի անվան դպրոցի շախմատի ուսուցիչ Արարատ Թրվանցինն էր:

Դպրոցի ղեկավարությունը, ողջունելով այս նախաձեռնությունը, աջակցել է դասասենյակի նորոգմանն ու կահավորմանը: Ուսուցչի ջանքերով ձեւավորվել է անկյուն, որտեղ ներկայացված են Գագիկ Հովհաննիսյանի աշխատանքային գործունեությունից լուսանկարներ, 1972-ին նրա հիմնած եւ խմբագրած «Շախմատային Հայաստան» պարբերականի համարներից, ինչպես նաեւ՝ այլ նյութեր, որոնք ցույց են տալիս 51 շախմատային գրքերի, մամուլում ավելի քան 5300 հրապարակումների եւ շուրջ 3200 հեռուստատեսային ելույթների հեղինակի անցած ուղու միայն մեկ մասը: 

 

Ելույթ ունեցողները նշեցին, որ այնքան հարուստ է Գագիկ Հովհաննիսյանի աշխատանքային գործունեությունը, որի մասին տեղեկատվությունն անհնար է տեղավորել մեկ դպրոցական դասասենյակում:

Հուշ-դասին մասնակցեցին դպրոցի չորրորդ դասարանի աշակերտները, որոնք նույնպես ներկայացրեցին Գագիկ Հովհաննիսյանի կյանքից դրվագներ, ցուցադրվեց նրա մասին տեսաֆիլմ, իսկ դասասենյակի բացմանը մասնակցեցին լրագրողի, հրապարակախոսի, շախմատի նվիրյալի ընտանիքի անդամները, նրան ճանաչող մի խումբ մարդիկ, դպրոցի այլ շրջանավարտներ:  

Նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին նման նախաձեռնության համար՝ այն համարելով մեր մտավորականներին արժեւորելու գեղեցիկ մի քայլ: