image

ԱՄՆ-ում հայտնի հայաստանցի բժիշկը 60 տարեկան է

ԱՄՆ-ում հայտնի հայաստանցի բժիշկը 60 տարեկան է

ԱՄՆ Ռոզուել քաղաքի «Wellstar North Fulton» հիվանդանոցի եւ նյարդավիրաբուժության ամերիկյան ինստիտուտի նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյանը 60 տարեկան է:

Միացյալ Նահանգներում հայտնի հայ բժշկի հոբելյանը շնորհավորել է Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, նշելով, որ ամերիկաբնակ անվանի բժիշկը Երեւանի Բժշկականի շրջանավարտ է: 

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1963 թվականի հունիսի 26-ին՝ Երեւանում: 

1980 թվականին ընդունվել է Երեւանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 

1987-ին ավարտելով՝մեկնել է Մոսկվա, ռեզիդենտուրան եւ ասպիրանտուրան ավարտելուց հետո էլ՝ ԱՄՆ: 

Կլինիկական օրդինատուրան ավարտել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության առաջատար ինստիտուտում: 

Հաջորդիվ շարունակել է ուսումը ԱՄՆ-ում, ուր 1999թ. UMDNJ- university of medicine and dentistry Newark NJ համալսարանում ավարտել է ռեզիդենտուրան: 

Այնուհետեւ նեղ մասնագիտացում է ստացել ԱՄՆ-ի մի շարք հեղինակավոր կրթական հաստատություններում: 

Արթուր Գրիգորյանը ամերիկյան եւ եվրոպական նյարդավիրաբույժների ասոցիացիայի, բազմաթիվ այլ միավորումների, միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ է, մի քանի տասնյակ մասնագիտական հոդվածների հեղինակ: 2014 թվականին նա արժանացել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման: 

Գործընկերների բնորոշմամբ` իր մասնագիտական ոլորտում նա միշտ ձգտում է կատարելության` երբեք չկտրվելով արմատներից հաջողություններն ու բարի համբավը ծառայեցնում է հայրենիքին:

2004թ. Գրիգորյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ներգանգային անեւրիզմաների բուժում» թեմայով։ 

Բժիշկը մեծ ներդրում ունի Երեւանի պետական բժշկական համալսարանի «Լեւոն եւ Քլոտիա Նազարիան» ռադիոլոգիայի կենտրոնի զարգացման գործում եւ այդ կենտրոնում վիրահատել է նյարդավիրաբուժական հիվանդություններ ունեցող բազմաթիվ հիվանդների։ 

Հենց նրա հովանավորությամբ եւ աջակցությամբ ավելի քան 40 ԵՊԲՀ օրդինատորներ հնարավորություն են ստացել վերապատրաստվելու Ջորջիայի նյարդավիրաբուժական ինստիտուտում։

Արթուր Գրիգորյանը 2012թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին:

Աշխատել է Ջորջիայի նահանգի համանուն, կաթվածի բուժմամբ զբաղվող մասնագիտացած բժշկական կենտրոնում:

«Հնարավոր չէ լինել ժամանակակից բժիշկ եւ աշխատել առանց նորագույն սարքավորումների օգնության: Երեւանի պետական բժշկական համալսարանը մեր «Alma mater»-ն է եւ մենք պետք է իրեն վերադարձնենք, Հայաստան բերենք արտերկրի լավագույն փորձը»,- հարցազրուցներից մեկում ասել է բժիշկը:

2014թ. մայիսին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բացվեց նյարդավիրաբուժության եւ գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն, որի նախաձեռնությունը հենց ԵՊԲՀ շրջանավարտ, հայտնի վիրաբույժ Արթուր Գրիգորյանին էր: 

Նա էլ նման կենտրոն բացելու գաղափարը ստացել է մորից՝ անվանի հոգեբույժ Ադա Թադեւոսյանից: 

Մեծ համբավ ունեցող նյարդավիրաբույժի օգնությամբ կլինիկայի նյարդաբանության բաժանմունքը համալրվեց սրտանոթային հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի կանխարգելման ու բուժման սարքավորումներով:

Այժմ շուրջ տասնամյակ պատմություն ունեցող կենտրոնում կան բոլոր հնարավորությունները՝ նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման եւ բուժման համար: 

Շնորհիվ այս կենտրոնի աշխատանքի, գլխուղեղի կաթվածի վիրահատությունների համար այլեւս արտերկիր մեկնելու կարիք չկա: Նյարդավիրաբուժության եւ գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված, տարածաշրջանային նշանակության այս կենտրոնը բացառիկ է նաեւ նրանով, որ այստեղ իրականացվում են ոչ միայն բուժական, այլեւ կրթական աշխատանքներ:

Առաջատար նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյանը սեփական օրինակով կոչ է անում երբեք չմոռանալ եւ միշտ հպարտանալ Երեւանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ լինելու հանգամանքով: 

2020 թվականի նոյեմբերին բժիշկ Գրիգորյանը համալսարանական հիվանդանոցներում, ինչպես նաեւ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բժշկական օգնություն եւ խորհրդատվություն էր տրամադրում պատերազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած մեր քաջ տղաներին: