image

Ամբողջ գիշերը հաց թխած ենք, Ամանորի սեղանն էլ զաւակներս են պատրաստել. Արցախցի հայրենակցուհի

Ամբողջ գիշերը հաց թխած ենք, Ամանորի սեղանն էլ  զաւակներս են պատրաստել. Արցախցի հայրենակցուհի

Արդէն 23-րդ օրը շրջափակման մէջ գտնուող Արցախի մէջ Նարինէ Բադասեանն այսօր լսած էր, որ խանութներէն մէկուն մէջ թթուասեր կայ, երեխաները շտապած էր ուղարկել գնումներու։

«Ես աշխատանքի եմ հիմա, երեխաներին ուղարկել եմ թթուասերի հերթի, չգիտեմ՝ առել են, թէ չէ», - «Ազատութեան» հետ զրոյցի ժամանակ ըսած է ան:

Նարինէն Ստեփանակերտի հացի փուռերէն մէկուն մէջ կ'աշխատի։ Աշխատանքային ժամանակացոյցը ծանր է, պատմած է, որ Ամանորի գիշերն ալ ընտանիքի հետ անցնելու փոխարէն մնացած է աշխատավայրը՝ հաց թխած են. «Այդ օրը ես ամբողջ օրը ժողովրդի համար աշխատել եմ: Ճիշդ է՝ ես մասնագիտութեամբ ուսուցչուհի եմ, բայց աշխատում եմ հացի փռում, հաց ենք թխել գիշերը ժամը երեքից մինչեւ երեկոյեան ժամը ինը: Լրիւ հերթեր էին, մի կերպ հասցրել ենք հացը հասցնել ժողովրդին: Իրօք, մեր բարի գործն արել ենք»:

Առանց մօր Նոր տարին դիմաւորած ընտանիքի տօնական սեղանին շատ բան չէ եղած։

«Ես երեք խանութ եմ մտել, միայն թէյ եմ գտել, առել, մի քիչ էլ քաղցրեղէն, ուրիշ ոչ մի բան չի եղել: Երեխաներս են իրենց համար սեղանը դրել, խորոված են արել, տանն ինչ որ եղել է, դրել են սեղանին ու անցկացրել, մինչեւ ես գնացել եմ: Նոր տարուայ օրը մենակ մսամթերք էր, էդ էլ տեղական մսամթերքն էր, ոչ մի այլ բան չկար, որ տեսականի սարքէինք», -ըսած է կինը:

Նարինէն պատմած է, որ գրեթէ դատարկ խանութներու մէջ թթուասերի հետ միասին սկսած է նպարեղէն, շաքարաւազ յայտնուիլ, քիչ-քիչ կը վաճառեն, որ բոլորին հասնի. «Սկզբից որ ճանապարհները փակել են, արդէն մենք մի քիչ գնումներ ենք արել, դրանից յետոյ հիմա խանութներում ուտելիք չկայ: Մէկ-մէկ բերում են մեշոկով բրինձ, ոսպ, կիլոգրամով բաժանում, պեսոկ (շաքար), էդ եղել ա նոր, բայց դրանից առաջ ոչ մի բան չի եղել: Երկու-երեք օր է, որ բերում են: Ամսի 31-ին էլի կիլոյով, կէս կիլոյով պեսոկ են բաժանել ամէն մի անդամին, բացի դրանից, ընդհանրապէս կարտոֆիլ (գետնախնձոր) չկայ, կաղամբ չկայ, գազար (ստեպղին): Միրգ ընդհանրապէս չկայ»: