Այն, ինչ մենք կ՚ուզէինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլեւս հնարաւոր չէր առնուազն ԵԱՀԿ 1996 թուականի դետեմբերի Լիզապոնի գագաթնաժողովէն ետք, այս մասին Ազգային Ժողովէն ներս յայտարարած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
«Նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի «կոնսենսուս-1»-ին («մինուս մէկը», ընդ որում, Հայաստանն էր) միանալուց յետոյ պաշտօնական հանդիպումների փակ հատուածներում ու ռեստորաններում մեզ հաւաստիացնում էին, թէ դա հնարաւոր է ու անպայման լինելու է ու մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մի նպատակ ունէին՝ թոյլ չտալ, որ Հայաստանում պետութիւն կայանայ։ Նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպէս լծակ օգտագործել՝ Հայաստանի պետական զարգացումը թոյլ չտալու համար, թոյլ չտալ որեւէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչեւ նրա լուծման պահին հնարաւոր չլինի լուծել նաեւ Հայաստանի հարցն այնպէս, որ դե ֆակտո կամ դե եուրէ ՀՀ-ն դադարի գոյութիւն ունենալ որպէս անկախ պետութիւն», -ըսած է Նիկոլ Փաշինեանը։
Ան ըսած է, թէ 1996 թուականէն ի վեր՝ Ղարաբաղի հարց այլեւս գոյութիւն չէ ունեցած։ «Գոյութիւն է ունեցել Հայաստանի Հանրապետութեան հարց։ Եւ 1998 թուականի, 1999 թուականի՝ հոկտեմբերի 27-ի մասնաւորապէս, 2020 թուականի, 2023 թուականի իրադարձութիւնները պէտք է դիտարկել հենց այս համատեքստում», - նշած է վարչապեը։
Հարցին՝ իսկ չէի՞նք կրնար աւելի վաղ հասկնալ այս ամէնը՝ առանց աղէտներու եւ ողբերգութիւններու միջով անցնելու: «Միայն մի պարագայում կարող էինք՝ մտածողութեան փոփոխութեան, իսկ դա ոչ թէ դժուար, այլ անհնար էր, որովհետեւ դեռեւս կոմունիստական ժամանակներում ձեւաւորուած հայրենասիրական ծայրագաւառային մոդելը մեզ թոյլ չպիտի տար դա անել։ Հէնց հիմա Հայաստանում դա է տեղի ունենում՝ մտածողութեան փոփոխութիւնը: Հայրենասիրութեան ծայրագաւառային կամ սովետական մոդելին փոխարինելու է գալիս հայրենասիրութեան պետական մոդելը, որը փորձեցի արտայայտել 2024-ի պետական բոիջէի քննարկումներում բարձրաձայնած մի քանի թէզով»,-ըսած է վարչապետը:
Ըստ Փաշինեանի՝ այդ թէզերն են՝ «Հայրենիքը պետութիւնն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրո՛ւ պետութիւնդ», «Հայրենիքը պետութիւնն է, սիրում ես հայրենիքդ՝ եղի՛ր օրինապահ», «Հայրենիքը պետութիւնն է, սիրում ես հայրենիքդ՝ վճարի՛ր հարկերդ»: