Այսօր 100-ամեակն է մեր գրականութեան, հրապարակախօսութեան ինքնատիպ դէմքերէն մէկուն՝ արձակագիր, թարգմանիչ, Խորհրդային Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ Ստեփան Ալաճաճեանի (1924-2010): Ծնած է Հալէպ, Սուրիա։ Նախնական կրթութիւնը ստացած է, Ներսիսեան դպրոցին մէջ (վրանաբնակ թաղամաս), ապա՝ յաճախած է «Ուսումնասիրաց» վարժարանը, ուրկէ տեղափոխուած է Հալէպի Ամերիկեան Գոլէճ։ Ստեղծագործել սկսած է աշակերտական տարիներուն։ Ալաճաճեանի առաջին բանաստեղծութիւնը տպագրուած է 1939-ին Պէյրութի «Պատանեկան արձագանգ» երկշաբաթաթերթին մէջ։ Դպրոցէն ներս (Գոլէճ), ուսանող խումբ մը հայ աշակերտներու հետ, կը հիմնեն ամսաթերթ մը՝ «Գրասէր»։ Այս ամսագիրին մէջ լոյս տեսնեն անոր բանաստեղծութիւններն ու յօդուածները։ 1942 թուականին կը հրատարակուի անոր բանաստեղծութիւններու առաջին ու վերջին՝ «Վշտի ծաղիկներ» ժողովածուն։
1946-ին կը տեղափոխուի Հայաստան։ 1951-ին կ՚աւարտէ Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆաքուլթեթի հոգեբանութեան եւ տրամաբանութեան բաժինը։ 1957-1963-ին աշխատած է «Սովետական գրականութիւն» ամսագիրի մէջ, որպէս արձակի բաժինի վարիչ։
Ստեփան Ալաճաճեան ունեցած է գրական մեծ վաստակ:
1966-1967-ին եղած է «Հայաստան» հրատարակչութեան գեղարուեստական գրականութեան խմբագրութեան վարիչ, 1967-1975-ին՝ Հայաստանի սովետական գրողներու վարչութեան քարտուղար։ 1980-էն կը սկսի աշխատիլ՝ ՀԽՍՀ մշակոյթի նախարարութեան Ե. Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանէն ներս, որպէս տնօրէն։
Ալաճաճեանի գրական առաջին գործը՝ «Ծովուն երգը», լոյս տեսած է 1939-ին, Պէյրութի «Պատանեկան արձագանգ» պարբերականին մէջ։ Անոր «Անապատում», «Պարտութիւն» վիպակները եւ «Եռաթեւ ծիածան» ու «Մատլէնն ապրում է Փարիզում» պատմուածքներու ժողովածունները թարգմանուած ու առանձին գիրքերով լոյս տեսած են ռուսերէնով։ Պարսկերէնի թարգմանուած ու 1973-ին՝ Թեհրանի մէջ, լոյս տեսած է անոր «Եղեգները չխոնարհուեցին» վէպը։ Գրական մամուլի մէջ ռուսերէնով տպուած են նաեւ «Մատլէնն ապրում է Փարիզում» ու «Անառագաստ նաւակներ» վիպակները։ Ալաճաճեանի ստեղծագործութիւններէն շատերը թարգմանուած են անգլերէն, ֆրանսերէն, չեխերէն, պուլկարերէն, էսթոներէն, ուզբեկերէն եւ ուրիշ լեզուներու։
Գրողը ստացած է բազում պարգեւներ:
1979 թուականին «Հայֆիլմ»ի առաջարկով կ՚անցնի բեմագրութեան՝ սցենարի, եւ անոր բեմագրութեամբ կը նկարահանուին «Կտոր մը երկինք» եւ «Ճերմակ անուրջներ» տեսաժապաւէնները՝ համահեղինակութեամբ տաղանդաւոր բեմադրիչ Հենրիկ Մալեանի։ Երկու ֆիլմերն ալ կ՚արժանանան միջազգային զանազան մրցանակներու։
2001-էն սկսեալ, բնակութիւն կը հաստատէ Լոս Անճելըսի մէջ։ 2008-ի Սեպտեմբեր 19-ին՝ ՀՀ մշակոյթի նախարարութեան կողմէն կը պարգեւատրուի Ոսկէ մետալով։
Կը մահանայ Լոս Անճելըսի մէջ, 23 Դեկտեմբեր 2010-ին։
Ստեփան Ալաճաճեանի մասին շատ գրուած է. գրականագէտներ զանազան ժամանակներուն արժեւորած են անոր գրական վաստակը, վէպերը, վիպակները, պատուածքները եւ միւս ժանրի ստեղծագործութիւնները՝ գրողը նկատելով 20-րդ դարի հայ գրականութեան հսկաներէն մէկը:
100-ամեակի առթիւ կը ներկայացնենք բանասիրական Գիտութիւններու թեկնածու Արմինէ Մուրատեանի մէկ յօդուածը՝ Ստեփան Ալաճաճեանի մասին:
ՀԱՎԱՏԱՐԻՄ ՆԱԽՆՅԱՑ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ․ ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ
Տաղանդավոր գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, թարգմանիչ,
կինոսցենարիստ Ստեփան Ալաջաջյանը հայ գրականության յուրօրինակ դեմքերից մեկն է:
Նրա կյանքի ուղին նման է այն հազարավոր սփյուռքահայերի կյանքին, որոնք ծնվեցին իրենց ծննդավայրն ու հայրենի տունը կորցրած, եղեռնից մազապուրծ ծնողներից՝ հայ ժողովրդի տարագիր այն զավակներից, որոնք իր իսկ պատկերավոր բնութագրմամբ «օտար երկիր չտարան իրենց հայրենիքից ո՛չ ինչք, ո՛չ գանձ, ո՛չ ժառանգություն, ո՛չ իրավունք, ո՛չ էլ նույնիսկ քաղաքացիություն, այլ տարան հուշեր, ազգային սովորույթներ, օրորոցային երգեր, մի քանի մագաղաթ, բայց ամենից շատ տառապանք եւ հուշ»:
Այս ամենը իրենց գեղարվեստական արտացոլումը գտան ապագա գրողի ստեղծագործություններում, եւ նա ամբողջ կյանքում հավատարիմ մնաց իր արմատներին, հայրենի մասունքներին:
Բնիկ զեյթունցու շառավիղներից էր Ստեփան Ալաջաջյանը, որի նախնիները դարասկզբին բռնագաղթվել էին Զեյթունից՝ ընկել օտար մի երկիր, բայց երբեք չէին վհատվել: Նրանք արմատներով կապված էին իրենց հայրենիքին, հող ու ջրին, հարազատ ժողովրդին, նրա սովորույթներին ու բարքերին՝ ինչը սրբորեն փոխանցում էին իրենց զավակներին:
Հայրը՝ Եղիան, իր մեջ խտացնում է զեյթունցու հավաքական կերպարը: Արձակագիրը «Եղեգները չխոնարհվեցին» վեպում Փառենի կերպարը կերտելիս, անշուշտ աչքի առաջ ունեցել է հոր նախատիպը. «Փառենը ինքն էլ քայլող պատմություն է, իր ժողովրդի հերոսական, բայց եւ ողբերգական պատմությունը, նա հաստատուն կոճղ է, հայոց անընկճելի կաղնի»:
Ալաջաջյանը հայրենիք չտեսած, բայց արյան կանչով, հեռավոր Զեյթունում կորցրած հայրենի տան կարոտով, ծնողների պատմած հուշերը հոգում փայփայելով՝ իր ստեղծագործության մեջ կենդանացրեց իր հայրենիքը, կարեւորեց ազգասիրություն, հայրենասիրություն բառերի վեհ խորհուրդը: Այս գաղափարները մշտապես ուղեկցեցին նրան, դարձան ուղեցույց, դավանանք ողջ կյանքի համար. «Մեզ հայ պահող ուժը մեր ազգասիրությունն է, մեր հայրենասիրությունը, մենք մեզ ճանաչում ենք այն լեզվով, որ խոսելու են մեր հողի մարդիկ եւ մեր երկիրն է մեր ինքնաճանաչման վկան, Արարատն է ու Արագածը, Սեւանն է ու Վանա ծովը…»: Հայրենիքն այն է, ինչ պատմություն ու անցյալ է կերտում իր հողի վրա ապրող, իր հոգում ծնված ժողովրդի համար: Վայ այն ազգին որ անցյալ չունի, չունի պատմություն»:
Անսահման սերը, անմնացորդ նվիրումը հայրենիքին, սուրբ մասունքներին, ազգային ավանդույթներին, գրողն արտահայտում էր տարբեր առիթներով կարդացած իր ելույթներում, տպագրած հոդվածներում: Հայրենասիրության, ազգասիրության վառ դրսեւորում էր 1965 թ.-ի ապրիլի 21- ին, Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրյակին, Երեւանի պետական համալսարանում ընթերցված նրա խորիմաստ, համարձակ ելույթը տասնամյակներ հետո միայն դարձավ ընթերցողի սեփականությունը:
Ալաջաջյանը որտեղ էլ բնակություն հաստատեց, երբեք չմոռացավ, չուրացավ իր ու իր նախնիների արմատները: Նա մշտապես խորհում էր ազգային թեմատիկայի շուրջ, նրա խորաթափանց հայացքն ուղղված էր դեպի իր արմատները, հարազատ ժողովրդի կյանքը, կենցաղը, բարքերը:
Կորցրած հայրենի վերհուշը, երազի թեւերով մշտապես նստած էր նրա հոգու մեջ, ինչպես անանց կարոտ, ինչպես թանկագին մասունք ու այն վերադարձնելու հույսը, հավատը գրողը փայփայեց ողջ կյանքում: Իր նախնիների արյան կանչը, տարագիր հայության կրած տառապանքներն ու մորմոքները, եղեռնի չսպիացող վերքը բույն էին դրել գրողի սրտում եւ երբեք չլքեցին նրան՝ այլ ուղղորդեցին այն մեծ հավատով ու լավատեսությամբ, որ «եղեգները չեն խոնարհվում»:
Զեյթունցի Եղիայից փոխանցված արյան ժառանգությունն է արձակագիր որդուն տվել այն հիշողությունը, որով նա հաստատակամորեն կապվել է նախնյաց արմատներին, հոգեւոր արժեքներին:
Արձակագիրը գրականություն էր բերում իր ժողովրդի պատմությունը, նրա քառուղիներով անցած ճանապարհը, որ միաժամանակ տարեգրությունն է՝ ազգի, ժողովրդի, հայի բնավորության նկարագրի: Հայն ուժեղ կամք ունի, անպարտ ոգի եւ դրանցով էլ դիմակայել է դաժան ճակատագրին: Դրա վառ օրինակը արձակագրի կյանքն էր, ի հեճուկս ճակատագրի իսկական մաքառում, պայքար, համառ ու ուժեղ բնավորության դրսեւորում, դիմակայելու ուժ ու լավատեսություն, որն անշուշտ ժառանգել էր իր ժողովրդից:
Ալաջաջյանն ապրեց հարուստ ու բովանդակալից կյանք, որը տվեց իր հրաշալի պտուղները՝ պատմվածքներ, վեպեր, վիպակներ, թարգմանություններ, հրապարակախոսական հոդվածներ, կինոսցենարներ եւ իրենց տաղանդավոր հեղինակի անունը հայտնի դարձավ հայ ժողովրդի երկու հատվածներում հայրենիքում եւ սփյուռքում:
Նրա ստեղծագործությունները շաղախված են հայրենի երկրի սիրով ու կարոտով, իր հոգում մշտապես բորբոքվող եղեռնի մեծ վշտով, աշխարհով մեկ դեգերող հայի ճակատագրով, բայց չմարող հույսով ու հավատով, հայրենասիրության ու ներգաղթի
թեմաներով, իր ժողովրդի հարատեւության վճռականությամբ ու հայրենիքի վերածնունդով, որոնք իրենց արտացոլումը գտան «Անապատում», «Փյունիկ», «Առանց հայրենիքի», «Եղեգները չխոնարհվեցին», «Անառագաստ նավակներ», «Մադլենն ապրում է Փարիզում», «Ոսկեգույն ծիր կաթին», «Վիրավոր եղջերուն», «Ապառաժները արտասվել գիտեն», «Չսպիացած վերք» եւ մյուս գործերում:
Ալաջաջյանի խոստովանությամբ, նա իր ստեղծագործությունները արարել է մի գերխնդիր նպատակադրումով, որպեսզի այն փոխանցվի սերունդներին, «որ պիտի գան, պիտի ապրեն իբրեւ հայ ազգային ինքնագիտակցությամբ, ազգային արժանապատվությամբ, իբրեւ ազգասեր մարդ եւ քաղաքացի»:
Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ տաղանդավոր գրողը ստիպված եղավ 1992 թվականին ընտանիքով փոխադրվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ հաստատվել հայաշատ Լոս Անջելես քաղաքում:
Օտար ափերում շատ անվանի հայեր գրեթե անհայտացան անծայր մարդկային օվկիանում, բայց Ալաջաջյանը միշտ հավատարիմ մնաց իրեն, իր կոչմանը, մարդարվեստագետ դավանանքին: Չնայած ծանր հիվանդությանը նա շարունակեց իր ակտիվ գրական գործունեությունը, հանդես եկավ հոդվածներով, ելույթներով: 2001 թվականին նրա դուստր Թերեզան հիմնադրեց «Առագաստ» գրական ամսագիրը, որի պատվակալ խմբագիրը դարձավ Ստեփան Ալաջաջյանը: Այն պատշաճ մակարդակով ու բազմակողմանի մեկնաբանությամբ ներկայացնում էր հայ մշակույթը, արվեստը, գրականությունը, քաղաքականությունը :
Յուրաքանչյուր համարի սկզբում Ալաջաջյանի հեղինակած «Մեր խոսքը» ծրագրային հոդվածը պատկերացում էր տալիս նրա գրական գեղագիտական հայացքների, հայրենիքի հանդեպ ունեցած անափ սիրո, հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային արժեքների մասին:
«Առագաստը» երկար տարիներ հուսալի եւ հոգեւոր կամուրջ դարձավ հայրենիքի ու սփյուռքի միջեւ, լուսավոր ու պայծառ առագաստ օվկիանոսից այն կողմ, որի լույսով ջերմանում էին տարբեր մայրցամաքներում ապրող հայերը:
Ալաջաջյանը խորապես ճանաչելով իր ժողովրդին, նրա պատմությունը, նրա կրած զրկանքներն ու հերոսական մաքառումները, հավատում էր իր ժողովրդի հավերժությանը, նրա գալիք հաղթանակներին. «Ժողովուրդը գիտե վերընձյուղվել, նա ժառանգել է արարելու ոգի եւ բարոյական զորություն, ժառանգել է «մեծասքանչ լեզու եւ ոսկեծղի դպրություն»:
Ալաջաջյանի բեղմնավոր գրիչը երբեք չդադարեց ստեղծագործել, ծնունդ տվեց հուշագրությունների, որոնք ամփոփվեցին հինգ գրքերում՝ հետեւյալ խորագրերով.
«Լուսավորյալ խորաններ», «Եվ ատրուշաններ», «Ճամփեզրի վրա», «Վաթսունականք», «Հորձանուտ»:
Հուշագրությունները պատգամ լինելուց բացի, լայնախոհ հայացքով կյանքը ճանաչող, իր արմատներին ամուր կառչած մարդու շարադրանք է, ուր գրողը հոգու ողջ բացահայտմամբ իրականության ճշգրիտ արտացոլմամբ անկեղծանում է իր ընթերցողի հետ, ներկա եւ գալիք սերունդներին վստահում տարիների ընթացքում սրտի գաղտնարանում կուտակված կոհերն ու ապրումները, ժամանակի ու դարաշրջանի ճշմարտացի բնութագրումներն ու
գնահատականը:
Իբրեւ մեծ մտավորականի, գրականության եւ արվեստի թանգարանի շուրջ 7–ամյա տնօրենի, ստեղծագործական բեղուն ճանապարհ անցած տաղանդավոր արձակագրի դիմագիծն են ընդհանրացնում բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանի խորիմաստ ու գեղարվեստական շարադրված տողերը, որ գրվել Ստեփան Ալաջայանի 85-ամյակի առթիվ. «Դուք որպես հայ մարդ, հայ գրող եւ հայ մտավորական սքանչելիորեն համադրում եք Ձեր մեջ արեւմտահային ու արեւելահային, հայաստանցուն եւ սփյուռքահային, օժտված եք լիարժեք ազգային նկարագրով:
Դժվար է պատկերացնել 20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակը առանց Ձեր բազմաբնույթ գրական ժառանգության: Դուք որպես անառագաստ նավակ մուտք գործեցիք Հայրենիք եւ հայրենի գրականություն բերելով նոր շունչ եւ ոգի՝ ազգային եւ եվրոպական բարձր արժեքների համադրությամբ: Դուք բերեցիք այն հիշատակներեն ու զգացողությունները, որ տեսել ու ապրել էիք «անապատում»:
Ձեր եղեգների նման չխոնարհվեցիք ոչ դժվարությունների եւ ոչ էլ օրվա իշխանության ու վարչակարգի առջեւ: Գեղարվեստական բարձր մակարդակով պատկերեցիք Հայրենիքում եւ առանց հայրենիքի ապրած եւ ապրող հայությունը, որը պարտությունից հետո հառնում է Փյունիկի նման: Պատկերեցիք նրա ցավերը, որը կրում էր Ձեր մեջ որպես չսպիացած վերք, եւ ապա ապա որպես արդեն բազմաառագաստ նավ հայտնվեցիք Սփյուռքի օվկիանում՝ տանելով Ձեզ հետ լուսավորյալ խորաններ եւ նվիրական ատրուշանների կրակը եւ միշտ մնացիք Հայրենիքի ու Սփյուռքի ճամփեզրի վրա»:
Հայրենիքից հեռու, բայց միշտ ապրում էր հայրենիքով, պաշտում էր Հայաստանը, հայ ժողովրդին, փայփայում ազգային երազներն ու հույսերը:
Տաղանդավոր գրողի, մեծ հայորդու ազգային դիմագիծն են ընդհանրացնում Կապուտիկյանի հետեւյալ խոսքերը. «Նա ոչ միայն գրող է, այլ ընկեր է, քաղաքացի է, որովհետեւ նա հայրենիքի բոլոր իրադարձությունները ապրում է, դրանք լինում են նրա մոտ կենսագրություն, ամենօրյա պայքար եւ մաքառում, իր կյանքի միջով անցնող ճակատագիր, հերքումի եւ պատասխանի երեւույթ, որոնք նրան դարձնում են մեծ անհատականություն»: