image
Հրատապ լուրեր:

Սիրիահայ Թալինի պատրաստած արևելյան անուշեղենը՝ Երևանում

Սիրիահայ Թալինի պատրաստած արևելյան անուշեղենը՝ Երևանում

Սիրիահայ Թալին Դեմիրճյանը մի քանի ամիս է՝ արևելյան քաղցրավենիք է պատրաստում ու առաջարկում երևանաբնակ հաճախորդներին:

Ասում է՝ սիրիական անուշեղենի պահանջարկը դեռևս փոքր է, քանի որ շատերը չեն ճանաչում իր արտադրանքը, բայց նրանք, ովքեր փորձում են անուշեղենի մի տեսակը, շտապում են պատվիրել և ձեռք բերել նաեւ մյուս տեսակներից:

-3-4 ամիս է, որ անուշեղեն եմ պատրաստում: Հիմնականում Հալեպի տեսականին է, կամ աշխարհում հայտնի այլ թխվածքաբլիթներ: Դեռ նոր եմ այս ոլորտում, հիմնականում ինձ ճանաչողներն են զանգահարում-պատվիրում: Բայց ժամանակի ընթացքում նրանց թիվն ավելանում է,-ասում է Թալին Դեմիրճյանն ու մատնացույց անում տարբեր համեմներով պատրաստված քաղցրավենիքը:

8 ամիս է, ինչ Թալինը մոր ու եղբոր հետ Հալեպից տեղափոխվել է Հայաստան: Ընտանիքում միայն ինքն է աշխատում: Ասում է՝ դժվարությունները Հայաստանում քիչ չեն եղել՝ նոր միջավայր, վարքուբարք, կենսակերպ:

Նկատում է՝ շատ սիրիահայեր նոր են սկսել բիզնեսով զբաղվել, խնդիրները շատ են. ոտքի կանգնելու և առաջ գնալու համար պետք է որոշակի արտոնություններ տրվեն նրանց, թեթեւացվի հարկային բեռը:

-Առաջին մեկ կամ երկու տարի պետք է մեզ օգնեն, որ կարողանանք բիզնեսը կայացնել, որովհետեւ շատերը հարկերի պատճառով ռիսկ չի անում փորձել, անգործ են մնացել,- ասում է նա:

Թալինի պատրաստած անուշեղենն անցնող օրերին ցուցադրված էր «Երևանէքսպո ցուցասրահում»՝ «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի շրջանակներում:

-Այս ցուցահանդեսները շատ են օգնում, որ ծանոթանանք մարդկանց հետ, նոր պատվիրատուներ գտնվեն,- ասում է Թալին Դեմիրճյանն ու կոկոսի փոշով պատված քաղցրավենիքը հյուրասիրում հաճախորդներին:


 

Տաթևիկ Սարգսյան/«Արևելքին»