2015-ի օգոստոսից Ժնևի La Terrassière 6 հասցեում գործում է Շառլ Ազնավուրի որդու՝ 45-ամյա Միշա Ազնավուրի հիմնած արագ սննդի ռեստորանը՝ Mischa Hot Dog Manufacture անունով: Ռեստորանի պաշտոնական կայքի առաջին էջում երգչի որդին, որը մինչ այդ իր ուժերն էր փորձում արվեստում, բացատրում է կենսակերպի նման կտրուկ փոփոխության շարժառիթները: Ժնևում մեծացած, ուսում ստացած Միշա Ազնավուրը մի քիչ հումորով գրում է. «Մենք Ժնևը սիրում ենք այնքան, ինչքան՝ հոթ դոգը, բայց մեր գերագույն նպատակը ձեզ հաճույք պատճառելն է, հեղաշրջել ձեզ, զարմացնել և գոհացնել»:
Նորաբաց ռեստորան է այցելել նույնիսկ Շառլ Ազնավուրը և ճաշակել անձնակազմի կողմից առաջարկված հոթ դոգերի տեսականին: Միշան շտապել է հանրահայտ հոր հետ լուսանկարը՝ ռեստորանի առջև, տեղադրել ֆեսյբուքյան էջում, ինչն էլ լրացուցիչ հետաքրքրություն է ստեղծել Mischa Hot Dog Manufacture-ի հանդեպ:

«Քննությունը հանձնված է, նա հավանեց ուտեստները: Անձնակազմը շատ էր անհանգստացած: Հայրս գործի վերաբերյալ մեզ հետ կիսվեց իր գաղափարներով և նույնիսկ նշեց՝ որտեղ կարելի է տեղավորել երաժիշտներին: Բայց մի շտապեք ուրախանալ՝ ինքը չէ, որ ելույթ է ունենալու Միշա ռեստորանում»,-parismatch-ին տված հարցազրույցում ասել է Ազնավուր կրտսերը:

Ռեստորանի պատերին ի թիվս բազմաթիվ նկարներ, շան նկարներ էլ են կախված, իսկ Միշային ամեն օր աշխատանքի գնալուց ուղեկցում են իր շները. դե իհարկե, ի՞նչ հոթ դոգ՝ առանց շների:
