Ստամբուլից տեղեկանում ենք, որ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության Ստամբուլի պատգամավոր, հայազգի քաղաքական գործիչ Սելինա Դողանը Թուրքիայի Խորհրդարանում կառավարությանը հարց է ուղղել երկրի Պետական արխիվում հայկական «Ժամանակ» օրաթերթի հավաքածուի գոյության մասին։ Հայազգի պատգամավորը նշել է, որ «Ժամանակը» ոչ միայն հայաշխարհի, այլև՝ Թուրքիայի հնագույն թերթերից է, տպագրվում է 1908 թվականից, ամենօրյա ռեժիմով և բացի հայկական և թրքահայ կյանքի մասին նյութերից, իր էջերում մեծ տեղ է տվել Թուրքիայի քաղաքական անցուդարձին։ Սելինա Դողանը նշել է, որ «Ժամանակ» օրաթերթը կարևոր աղբյուր է ուսումնասիրողների և հետազոտողների համար:
Հայազգի պատգամավորի հարցմանը կառավարությունից պատասխանել են, որ Պետական արխիվում «Ժամանակի» հավաքածուն բացակայում է: Գրավոր ուղարկված պատասխանում նշված է նաև, թե հնարավոր է, որ թերթը, իբրև գրադարանի նյութ, գտնվի Ազգային գրադարանում։ Սելինա Դողանն ասել է, որ կարևորում է երկրի՝ այսօր իր գործունեությունը շարունակող հայկական ամենահին թերթերից մեկի հավաքածուի հանդեպ պետական ուշադրությունը, քանի որ թերթը նկատվում է եզակի սկզբնաղբյուր: