Պատերազմը սիրահայերի կյանքը բաժանեց երկու մասի` պատերազմից առաջ և հետո: Պատերազմից առաջ նրանց համար Հալեպի անհոգ կյանքն էր, պատերազմից հետո` անորոշությունն ու օտար ափերում երկար տարիներով դեգերելն ու նոր կյանք ստեղծելու ուղիներ փնտրելը: 27-ամյա հալեպահայ Անդրանիկ Պապիկյանը կարծում է, որ ինքը այն եզակի սիրիահայերից է` ում բախտը բերել է և կարողացել է հայրենիքում իր դեռևս երերուն, բայց ապահով տեղը գտնել:
Պատերազմից առաջ ծնողների և եղբոր հետ ապագայի ծրագրեր էին կազմում, որոնց մեջ Երևանը չկար: Բայց պատերազմը նրանց Երևան բերեց՝ իր անծանոթ բարքերով ու սովորություններով: Չնայած մանկուց Հայաստանն ու Երևանը եղել են իր կյանքի մի մասը, բայց երբեք չի մտածել Հայաստան տեղափոխվելու ու ապրելու մասին, ու երբ 2013-ի հուլիսից միայնակ հայտնվեց Երևանում, ինչ խոսք, դժվար էր ու անկախատեսելի: Ցավոք մարդն այլ բան է նախագծում, կյանքն այլ անակնկալներ է մատուցում: Ամենամեծ անակնկալը տնից ու հարազատներից հեռու միայնակ Երևանում հայտնվելն էր: Տարիներով մշակած ապագայի երազները ջուրը նետել ու հայտնվել այլ երկրում միայնակ, առանց որևէ հարազատի ու ամեն ինչ սկսել զրոյից, բոլորի համար է դժվար:
Անդրանիկին հարցնում եմ` արդյո՞ք դժվարությամբ է հարմարվել հայաստանյան կյանքին: Ասում է` առաջին վեց ամիսը հետաքրքիր էր, հետո արդեն սկսվեցին դժվարությունները, որովհետև լրջորեն պետք էր մտածեր ապագայի մասին:
Անդրանիկը Սիրիայում է ավարտել համալսարանը, Հայաստանում` մագիստրի աստիճան ստացել է Ամերիկյան Համալսարանում: Արդեն երրորդ տարին է աշխատում է «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ»-ում, որպես ՏՏ ոլորտի մասնագետ: Անդրանիկը գոհ է թե՛ աշխատանքային պայմաններից, թե՛ աշխատանքային ընկերներից: Աշխատանքային ընկերների շնորհիվ կարողացել է շատ բաներ հաղթահարել: Մեր զրուցակիցը ցավով է նշում, որ աշխատանքային պայմանագիրը մինչև 2017 թվականի դեկտեմբերն է: Ապագայի պլաններ դեռ չի մշակում: «Եթե կարողանամ մշտական աշխատանքիս հարցը լուծել, երբեք չեմ մտածի Հայաստանը լքելու մասին»,- համոզված է Անդրանիկը:

Այս պահին Անդրանիկի եղբայրն ու մայրը Հալեպում են ապրում, հայրը Դուբայում է աշխատում: Անդրանիկը տարբեր նախասիրություններ ունի` դահուկ քշել, արշավների գնալ: Նաև մտածում է երկրորդ աշխատանքի մասին: Հետաքրքիր է, որ նրա երազանքը սեփական ռեստորան ունենալն է: Սիրում է խոհարարությամբ զբաղվել: Այժմ խոհարարի աշխատանք է փնտրում, որպեսզի կարողանա երկրորդ աշխատանքի հարցը լուծել: Պատերազմը կարողացավ խառնել Անդրանիկի կյանքի խաղաքարտերը, բայց չի կոտրել նրա մեջ անսահման բարեհոգությունն ու կյանքի նկատմամբ լավատեսությունը:
Սահականուշ Արոյան