Բրիտանական «Ինդիփենդենթ» օրաթերթն անդրադարձել է Լիբանանի և Սիրիայի սահմանին գտնվող Անջար (Այնճար) հայկական բնակավայրին, գրելով, որ Եւրոպական Միությունը ֆինանսավորում է մի ծրագիր, որը նպատակ ունի Միջերկրական ծովի ցամաքային մասերը միմյանց կապել՝ այդ ձևով ցույց տալով Օմայյան հնագույն խալիֆայության պատմությունը, որի լուռ վկայությունները ներկա են մեր օրերում: Թերթը գրում է, որ զբոսաշրջային այդ ճանապարհի վրա կան անծանոթ բնակավայրեր, ինչպես օրինակ, փոքրիկ մի քաղաք՝ Լիբանանում, որը հայտնի է իր հայ բնակչությամբ: Ըստ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող զբոսաշրջային ծրագրի, Անջարում զբոսաշրջիկները կարող են տեսնել Օմայյան ժամանակաշրջանի քաղաքներից մեկի հետքերը, որոնք լավագույնս են պահպանվել: Ծրագրվում է Օմայյան խալիֆայության թանգարան բացել Անջարում:

Օմայյանների հետքերը՝ ժամանակակից Անջարում
Ծրագիրը, որն արժե 4 միլիոն եւրո, միմյանց է կապելու այն երկրները, որոնցում պահպանվում են Արաբական խալիֆայության առաջին ժառանգական դինաստիայի՝ Օմայյանների հետքերը: Լիբանանից բացի այդպիսի հետքեր կան նաև Հորդանանում, Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Թունիսում, այլ երկրներում:
![]()
«Ինդիփենդենթ»-ը տեղեկացնում է, որ 8-րդ դարում արաբական Օմայյանները ստեղծել էին աշխարհի մեծագույն կայսրություններից մեկը, որը մարդկության պատմության մեջ մնացել է իր ունեցած ճարտարապետության, գրականության, գիտության արվեստի անկրկնելի ժառանգությամբ:
Օմայյանների գծած հսկա կայսրության սահմանները հասել են մինչև Հայաստան: