image
Հրատապ լուրեր:

Հռոմի Պապը խոսել է Սեբաստիայի հայոց եպիսկոպոսի՝ Սուրբ Վլասի մասին

Հռոմի Պապը խոսել է Սեբաստիայի հայոց եպիսկոպոսի՝ Սուրբ Վլասի մասին

2016թ. փետրվարի 3-ին՝ Սբ. Վլաս հայրապետի տոնին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրապարակային ունկնդրության ժամանակ ասել է հետևյալը.

«Այսօր հիշատակում ենք Սուրբ Վլասի տոնը, որը Հայաստանի նահատակն է: Սբ. Վլասը մեզ հիշեցնում է Ավետարանը հռչակելու հանձնառությունը՝ նույնիսկ դժվարին պայմաններում»:

Իր հայրական խոսքն ուղղելով երիտասարդներին՝ Քահանայապետը հորդորել է լինել հավատքի քաջ վկաներ, հիվանդներին խնդրել է իրենց առօրյա խաչը նվիրել Քրիստոսի լույսից հեռու գտնվող անձերի դարձին, իսկ նորապսակներին հրավիրել է լինել Քրիստոսի սիրո հռչակողները՝ սկսած ընտանեկան օջախից:

Սբ. Վլասը եղել է հայկական Սեբաստիայի եպիսկոպոս` 3-րդ դարավերջին, 4-րդ դարասկզբին: Նա իր փիլիսոփայական և բժշկության մասին գիտելիքները ներդրել է  հանուն քրիստոնեության: Դառնալով եպիսկոպոս՝ Սբ. Վլասն իր ժողովրդին առաջնորդում էր խոսքով և գործով՝ կրելով իշխանավորների հալածքներն ընդդեմ Քրիստոսի Եկեղեցու և իր անձին: Ըստ ավանդության, Սբ. Վլասը նահատակվել է 316թ. Կապադովկիայի կառավարչի հրամանով, ով հալածում էր քրիստոնյաներին: Երբ Սբ. Վլասը բանտում սպասում էր իր մահապատժին, մի կին իր որդուն բերում է նրա մոտ, որպեսզի բուժի կոկորդը. տղան ձկան փուշ էր կուլ տվել: Վլասը անմիջապես աղոթքով բուժում է երեխայի կոկորդը: Այս պատմության հետ է կապված Սբ. Վլասի տոնին կոկորդների օրհնության սովորությունը:

Հռոմում գործում է Սբ. Վլաս Հայ կաթողիկէ եկեղեցին, որտեղ 2015թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Սբ. Պատարագ մատուցեց Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրին:

 

 

Առաջնորդարան Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եւրոպայի