Թուրքիայի մեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ Անկարայում Իտալիայի դեսպանատան նախկին զինվորական կցորդ, հայազգի դիվանագետ Նուրհան Ժոզեֆովիչը նշել է իր ծննդյան 100-ամյակը: Հայ զինվորականը, որ թոշակի անցնելուց հետո հաստատվել էր Հռոմում, օրեր առաջ Ստամբուլ է մեկնել, որտեղ նրա ազգականները, ջերմորեն ընդունելով 100-ամյա հյուրին, նշել են նրա մեկդարյա հոբելյանը: Նուրհան Ժոզեֆովիչը, որ առողջական լուրջ խնդիրներ չունի եւ կարողացել է այդ տարիքում օդանավ նստել, դեմ չի եղել նվերներին ու ծննդյան տորթին: Նուրհան Ժոզեֆովիչը ծնվել է Պոլսո Օրթագյուղ շրջանում` 1915 թվականին: Նրա հայրը եղել է Օսմանյան կայսրության շրջանի հայտնի գլխարկի` ֆեսի արտադրությամբ զբաղվող գործարար: Նուրհան Ժոզեֆովիչը դիվանագիտական եւ զինվորական կրթություն է ստացել եւ 51 տարի ծառայել Անկարայում Իտալիայի դեսպանատանը, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, որոնցից վերջինը եղել է դեսպանատան զինվորական կցորդի պաշտոնը: Նա կարեւոր դեր է ունեցել ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններում եւ իր կատարած բազում ծառայությունների համար Իտալիայի կառավարության կողմից պարգեւատրվել է կոչումներով:

