Գերմանահայ մտավորական, հրապարակախոս Լիզա Բերքյան-Աբրահամյանը, մեկնաբանելով Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, նշում է, որ Գերմանիան այլևս խուսանավելու տեղ չուներ՝ առերեսվելու իր պատմությանը և ընդունելու մեղսակցությունը: «Գերմանական Բունդեսթագի պատգամավորներին այս անգամ չընկճեցին թուրքական սպառնալիքները:
101 տարի անց Գերմանիան ճանաչեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց և քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանությունը...
Որքա՜ն չարչրկվեց այս բանաձևը: Վերջին 10 տարիներին Բունդեսթագում մի քանի անգամ քննարկվեց «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» հարցը, բայց 2005թ. ընդունած բանաձևում չկար ցեղասպանություն բառեզր: 2015թ. Գերմանիայի Դաշնային հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկն՝ ապրիլի 23-ին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողության ժամանակ, իր ելույթում հայերի կոտորածները անվանեց ցեղասպանություն: Այդ պահից ի վեր կարծես սառույցը հալվեց: Նույն թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն իր բացման խոսքում՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ջարդերը նույնպես անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում առանձին պատգամավորներ նշեցին, որ կատարվել է ցեղասպանություն, սակայն անցած տարվա բանաձևի քվեարկությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:
2016 թ. փետրվարին գերմանական «Դաշինք 90–Կանաչներ» կուսակցության կողմից խորհրդարան ներկայացրած՝ «Ցեղասպանության ճանաչման մասին» նոր բանաձևը նույնպես չքվեարկվեց, որովհետև ամեն անգամ խանգարեց մի բան, ամեն անգամ Թուրքիան սպառնաց, ամեն անգամ Գերմանիան զգուշավոր գտնվեց՝ չնեղացնել թուրքերին, ամեն անգամ առաջնորդվեց իր երկրի շահերով...
Այսօրվա նիստին չմասնակցեցին Գերմանիայի կառավարության կարևոր անձինք՝ կանցլեր Ա. Մերկելը, փոխկանցլեր Զ. Գաբրիելը և արտաքին գործերի նախարար Ֆ.Վ. Շտայնմայերը: Կանցլերը և փոխկանցլերը՝ Բեռլինի կոնգրեսում և շինարարական ինդուստրիայում ելույթների պատճառով, իսկ Շտայնմայերը մեկ օր առաջ մեկնել էր Արգենտինա: Դժվար է ասել՝ այդ ամենը վաղօրոք պլանավորված զուգադիպությու՞ն էր, թե՞... Ամեն պարագայում, եթե նույնիսկ Շտայնմայերը մասնակցեր նիստին, կարծում եմ նա կմնար իր՝ ոչ հայանպաստ տեսակետին, այնպես, ինչպես կայսերական Գերմանիայի պաշտոնյաները, որոնք ընդամենը ուսերն էին թոթվում՝ միայն թե չվնասվեին դաշնակից թուրքերի հետ հարաբերությունները:
Այսօր՝ 101 տարի անց, բաժակը լցվել էր բերնե-բերան, թեև միապետ Էրդողանի երկար թևը հասավ այստեղ, այս անգամ էլ նա փորձեց միգրանտների խնդրով սպառնալ, ճնշում գործադրել, «ողջախոհության» կոչ անել «դաշնակից» Գերմանիային, բայց դա չօգնեց: Վերջապես գերմանական Բունդեսթագի պատգամավորներին լսելի եղան հայ նահատակների սարսափի ճիչերը, ցեղասպանությունից մազապուրծ եղած սերունդների, հայասեր և մարդասեր գործիչների, գերմանահայության՝ ցեղասպանությունը ճանաչելու արդարացի պահանջներն ու կոչերը...
Ի դեպ, վերջին ամիսներին գերմանական մամուլը, հեռուստատեսությունը հեղեղված էին Հայոց ցեղասպանության մասին պատմող՝ ճշմարտությունը բարձրաձայնող նյութերով: Եղան նաև ցեղասպանությունը ժխտող ելույթներ: Գերմանիայում ապրող միլիոնավոր թուրքեր և Գերմանիայում գործող թուրքական 500 կազմակերպություններ՝ նույնիսկ սպանության սպառնալիքներով, փորձեցին ճնշում գործադրել, բայց այս անգամ Բունդեսթագի պատգամավորները ծնկի չեկան, 9 ելույթներում շեշտվեց, որ կատարվել է ցեղասպանություն, պատգամավորները գտան համապատասխան խոսքերը և պարտավորված զգացին ընդունել կայսերական Գերմանիայի մեղսակցությունը, վերջապես Բունդեսթագը հաստատեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
Գերմանիան վերջապես հետամուտ եղավ ոչ թե իր երկրի և կուսակցությունների շահերին, կանգնեց ոչ թե քաղաքական հետևանքների կողմը, այլ՝ արդարության...
Բայց մեկուկես մլն մեր նահատակների հոգիները դեռ չեն խաղաղվել երկնքում, քանի դեռ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը և սերունդներին ստով սնում: Մեր պահանջը Թուրքիայից է, որը չի կարող ջնջել մարդկության հիշողությունը: Երկու ժողովուրդների հաշտեցումը հնարավոր է միայն, ցեղասպանության ճանաչման պարագայում: «Թուրքիայի պատվին ավելի կծառայի, եթե ընդունի այն, ինչը կոծկելու չէ»(էննո Մեյեր)»,-մեկնաբանում է գերմանաբնակ հայ մտավորականը: