image
Հրատապ լուրեր:

«Աշխատող մարդն իր տեղը գտնում է՝ որտեղ էլ լինի». սիրիահայ վարպետը 8 ամիս է՝ Երևանում է

«Աշխատող մարդն իր տեղը գտնում է՝ որտեղ էլ լինի». սիրիահայ վարպետը 8 ամիս է՝ Երևանում է

Հալեպահայ Ավետիս Բոյաջյանը 26 տարի է՝ մոմից ոսկերչական կաղապարներ է պատրաստում ու վաճառում: 8 ամիս է՝ նա մոր, կնոջ և երկու երեխաների հետ հաստատվել է Երևանում:

-Սկիզբը մի քիչ դժվար էր, որ նոր եկանք, մարդ չէի ճանաչում: Սիրիահայ ընկերներս մարդկանց հետ ծանոթացուցին, եկածս օրվանից 10 օր հետո իմ գործը դրեցի, սկսեցի աշխատել,- ասում է նա:

Ավետիսի խոսքով՝ Սիրիայում գործն ավելի շատ էր, առևտուրն՝ ավելի ակտիվ: Հասցրել էր տուն, աշխատատեղ ստեղծել, երբ Սիրիայում պայթեց պատերազմը: Ճիշտ է, Հալեպում իրավիճակը նույնքան ծայրահեղ չէր, ինչպես Սիրիայի մյուս հատվածներում, բայց երեխաների ու ընտանիքի կյանքն ու անվտանգությունն ավելի թանկ էին նրա համար:

-Սկզբում փորձեցինք մնալ, մտածում էինք՝ էսօր լավ կլինի, վաղը լավ կլինի, պատերազմը կպրծնի: Բայց չպրծավ: Մտածեցի, որ եթե հանկարծ փորձանք պատահի ընտանիքիս, ամբողջ կյանքում մտածելու եմ՝ ի՞նչ արեցի ես: Այդ տեղը վտանգով քաղաք էր: Որ փող ունես, տուն ունես, էդ ամեն ինչը թողնելու ես էս աշխարհում, բայց իմ ամենաթանկ բաները՝ իմ ընտանիքը, իմ երեխաները հիմա ինձ հետ են,- ասում է նա:

Հալեպից հեռանալու որոշումը կայացնելուց հետո Բոյաջյանները տեղափոխվել են Երևան: Երեխաները պետք է հայկական դաստիարակություն ստանան, հայկական միջավայրում մեծանան՝ համոզված են նրանք:

-Մեզ ընդունեցին Հայաստանում: Ամենից դյուրին ճամփան, որ պիտի անցնես Սիրիայից դուրս, այստեղ գալն է: Ավելի լավ է  հայրենիք գաս, քան Եվրոպա կամ արաբական քաղաք գնաս: Ի վերջո այստեղ բոլորը հայերեն են խոսում,- ասում է Ավետիսը:

Վարպետ Ավետիսն այժմ  Երևանում է իր գործունեությունը շարունակում, զարդերի կաղապարներ փորագրում: Գործից չի դժգոհում. ասում է՝ աշխատող մարդն իր տեղը գտնում է, որտեղ էլ լինի:

-Այստեղ ինձ համար ավելի լավ է, փառք Աստծո, գործերը կամաց-կամաց կլավանան: Թող պատերազմը վերջանա, մենք էլ բան չենք ուզում,- ասում է նա:


 

Տաթեւիկ Սարգսյան/«Արևելքին»