Ստամբուլի հայտնի Դադյան վարժարանի պատմական շենքը, որ 172 տարվա պատմություն ունի, տրվում է վարձակալության: Այդպիսի որոշում է կայացրել Ստամբուլի Բագրգյուղ շրջանի թաղական խորհուրդը: 1844-ին հիմնված հայկական վարժարանը, որն ավելի ուշ կոչվել է Դադյան բարեգործ ընտանիքի անունով, այս ուսումնական տարում պատմական շենքից արդեն տեղափոխվել է նոր ու արդիական շենք, որի կառուցումը տևել էր երեք տարի: Այսօր արդեն նոր շենքում գործող և մոտ 500 աշակերտ ունեցող Դադյան դպրոցը հարուստ կրթական ավանդույթներ ունի, որոնք սկիզբ են առնում պատմական շենքից: Ինչպես տեղեկացանք Պոլսից, թաղական խորհրդի որոշման մասին իմանալուն պես, Դադյանի տարբեր տարիների բազմաթիվ շրջանավարտներ ստորագրահավաք են սկսել, որպեսզի կասեցնեն հայկական կրթական ավանդույթներ ունեցող պատմական շենքը վարձակալության տալու որոշումը:
Նրանք նշում են, որ Դադյան վարժարանի շենքը պետք է մնա իբրև պատմական կառույց, և եթե երբևէ պիտի օգտագործվի, ապա միայն հայերի կողմից և միայն՝ կրթական ու մշակութային նպատակներով:
Թաղական խորհուրդն առայժմ համացանցից չի հանել վարձակալության հայտարարությունը, իսկ ստորագրահավաքը շարունակվում է change.org-ում: