image

Ուխտավորների և զբոսաշրջիկների համար բացառիկ աշխատություն է լույս տեսել

Ուխտավորների և զբոսաշրջիկների համար բացառիկ աշխատություն է լույս տեսել

Լույս է տեսել Անի Ավագյանի  «Եվրոպայի և Հայաստանի համաքրիստոնեական մասունքներով ուխտատեղիները` որպես կրոնական տուրիզմի հանգրվաններ» գիրքը: Գրքի խմբագիրը Մանվել սարկավագ Սարգսյանն է, իսկ  մեկենասները՝  Տիգրան և Ժաննա Հակոբյանները, որոնք այս հրատարակությունը նվիրել են իրենց ծնողներին: Տեղեկացանք, որ հեղինակ Անի Ավագյանը գրքի պատրաստման աշխատանքները սկսել է 2013 թվականից, երբ սովորում էր  Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում: 

 

 


Ինչպես գրքի՝ օրերս կայացած շնորհանդեսին ներկայացրել է հեղինակը, գիրքը բաղկացած է երեք բաժիններից, որոնցից առաջինում ընթերցողին է ներկայացվում կրոնական զբոսաշրջությունը:  Որպես զբոսաշրջության կարևորագույն և ուրույն տեսակ, խոսվում է վերջինիս առանձնահատկությունների, տեսակների և պատմության մասին:

Երկրորդ բաժնում ներկայացված է Եվրոպայի քրիստոնեական կարևոր ուխտատեղիները, այդ թվում ոչ միայն կաթոլիկ, այլ նաև ուղղափառ և ավետարանական եկեղեցիների սրբավայրերը: Խոսվում է նաև այն խոշոր համաքրիստոնեական ուխտավայրերի մասին, որոնք  տարեկան 1 միլիոն ուխտավոր են ունենում:  
Երրորդ բաժնում անդրադարձ է կատարվում Հայաստանին` որպես համաքրիստոնեական ուխտավայրի: Ներկայացված են տեղի համաքրիստոնեական նշանակություն ունեցող սրբավայրերն ու սրբությունները: Բավականին բովանդակալից խոսվում է գլխավոր սրբություններից մեկը հանդիսացող  Տերունակոխ Սուրբ Գեղարդի և վերջինիս երկրպագության օրը համաքրիստոնեական տոն հռչակելու կարևորության մասին:

«Այս գրքույկը միջոց է ընթերցողին  ծանոթացնելու քրիստոնեական արժեքներին և համաքրիստոնեական մասուքներին, հասկանալ թե ի՞նչ է իրենից ներկայացնում ուխտագնացությունը, ճանաչել Եվրոպայի և Հայաստանի արժեքավոր ուխտավայրերը, մասնագետների համար յուրահատուկ հնարավորություն է՝  հայերենով ընթերցելու զբոսաշրջության կրոնական տեսակի մասին, բացահայտելու Եվրոպայի և հատկապես Հայաստանի քրիստոնեական արժեքները՝ հետագայում կրոնական զբոսաշրջության ոլորտում Հայաստանը ներկայացնել համաքրիստոնեական արժեքների լույսի ներքո որպես կարևորագույն կրոնական զբոսաշրջության արժեքներ կրող երկիր»,-ասում է գրքի հեղինակ Անի Ավագյանը: 

«Եվրոպայի և Հայաստանի համաքրիստոնեական մասունքներով ուխտատեղիները` որպես կրոնական տուրիզմի հանգրվաններ»  գրքի խմբագիր Մանվել սարկավագ Սարգսյանն ասում է, որ հայ իրականության մեջ նման ուսումնասիրություն  երբևէ չի կատարվել, և Անի Ավագյանի այս աշխատությունն իր տեսակի մեջ համարվում է եզակի և անդրանիկ օրինակը:

 

«Հեղինակն օգտվել է բավականին մեծ քանակ կազմող օտարալեզու և իհարկե հայալեզու գրականությունից: Փոքր-ինչ չակերտները բացելով հպարտորեն պետք է փաստեմ, որ համաքրիստոնեական նշանակության մասունքների շարքում մեր ազգին բաժին ընկած ժառանգությունը ամենից անգնահատելիների թվին է պատկանում»,-գրքի շնորհանդեսին ասել է Մանվել սարկավագ Սարգսյանը: