Իրապաշտպան՝ Աւետիք Իշխանեան իր դիմատետրեան էջին գրած է․ «ԱՆԿԵՂԾ ՉէՔ
Ասել եմ եւ կրկնում եմ։ Որեւէ ազգ, ժողովուրդ չէր հանդուրժի այնպիսի նուաստացում, խայտառակութիւն, ինչ տեղի ունեցաւ մեզ հետ 2020-ի նոյեմբերի 9-ին։ Երկիրը նպատակաուղղուած պատերազմի տանող, պատերազմը գիտակցուած, թէ ապաշնորհութեան պատճառով, հազարաւոր զոհեր տալով, տանուլ տուած ողորմելին շարունակում է մնալ իշխանութեան։ Ցանկացած այլ երկրում, այսպիսի նուաստացումից յետոյ, ոչ միայն բոլոր քաղաքական ուժերը, անկախ ներկայ կամ նախկին լինելուց , դուրս կու գային փողոց եւ կը պահանջէին ապիկար իշխանութեան հեռացումը, այլեւ ողջ ժողովուրդը։ Աւելին, եթէ որեւէ քաղաքական ուժ, նորից եմ կրկնում՝ անկախ ներկայ կամ նախկին լինելուց չյայտնուեր փողոցում, հրաժարական պահանջողների մէջ, ապա բոլորը կը մատնանշէին այդ ուժին, որպէս , այո՛ դաւաճանների։ Բայց մենք զարմանալի ժողովուրդ ենք։ Իրենց քաղաքական, հասարակական գործիչներ համարողներից շատերը ապիկարի հրաժարական պահանջողներին հայհոյում են, մանրադիտակով հետեւում նրանց խօսքերին, գործողութիւններին եւ․․․փաստօրէն արդարացնում եւ հազարաւոր զոհերի թիւ մէկ պատասխանատու ապիկարին եւ Արցախի կորուստը եւ սպասուելիք Սիւնիքի կորուստը։
Այո, ապիկարի հրաժարական պահանջող ուժերից շատերն իմ աչքի լոյսը չեն, նաեւ նրանց շատ յայտարարութիւններ եւ գործողութիւններ սրտովս չեն նոյնպէս։ Եւ ի հարկէ կարելի է նրանց քննադատել։ Բայց, նորից եմ կրկնում, արդէն համոզուած եմ, որ իբր ներկայ վարչապետի «հրաժարականին» համաձայն, բայց իբր ընդդիմութեանը չընդունող գործիչները, ընդամէնը կեղծ «արդարացնում» են իրենց եւ բացայայտ կամ քօղարկուած պաշտպանում են հայրենիքը յանձնած ապիկարին, բացարձակապէս չեն ցաւում Արցախի եւ Հայաստանի պետականութեան կորստի համար»։