Փյունիկյան Ադոնիս Աստծո անունը կրող Կանադայի «Ադոնիս» սուպերմարկետների ցանցն օգնության ձեռք է մեկնել սիրիացի փախստականներին՝ աշխատանքի ընդունելով տասնյակ նորեկների:
Ամեն օր, երբ գնորդները մտնում են «Ադոնիս» սուպերմարկետ, նրանք ամենայն հավանականությամբ առնչվում են վերջերս երկիր ժամանած սիրիացի փախստականների հետ:
Երբ Կանադան անցած նոյեմբեր ամսին իր դռները բացեց 25.000՝ իրենց վերաբնակությունը հաստատող սիրիացի փախստականների առջև, «Միջին արևելյան մթերային շղթան» նրանցից շատերին աշխատանքի վերցրեց Քվեբեկում և Օնտարիոյում, ներառյալ մի քանի տասնյակ հոգու՝ Տորոնտոյի իր տարածքներում՝ Ուարդենում և Էգլինտոնում, Սկարբորոյում և Միսսիսսոգայի իր մթերային խանութների մասնաճյուղերում:
«Ադոնիս» սուպերմարկետի հիմնադիրները՝ Էլի Շհահաբը, Ջորջ Ղրեյեբը և Ջամիլ Շհահաբը նույնպես ներգաղթյալներ են, որոնք այստեղ են եկել Լիբանանի ճանապարհով, և նրանք էլ, մնացած շատերի նման, տուժել են մերձավոր արևելյան ճգնաժամից ու այժմ ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Կանադայում սիրիացիների զանգվածային վերաբնակեցման ծրագրում»,-ասում է խանութի կառավարիչ Հանի Թաուիլը:
Հանի Թաուիլը
«Մեր նոր աշխատողները բոլորն էլ հմուտ են ու կրթված: Նրանք նախկինում իրավաբաններ, բժիշկներ և ինժեներներ են եղել: Այս մարդիկ բոլորն էլ այստեղ ինչ-որ տեղից պիտի սկսեն իրենց գործունեությունը, որովհետև ոչ ոք նրանց չի ճանաչում, իսկ նրանք կարիք ունեն գոյատևելու և որքան հնարավոր է շուտ դառնալու ինքնուրույն»,-նշում է Թաուիլը, որն ինքն էլ իր ընտանիքի հետ այստեղ է ժամանել 2012 թվականին՝ պատերազմից ավերված Սիրիայի Հալեպի քաղաքից: «Նրանք այստեղ տեղափոխվելու համար այլ ընտրություն չեն ունեցել: Բոլորն էլ հիանալի կենսաձև ունեցող մարդիկ են: Ինձ համար միևնույնն է: Իր չորրորդ տարեդարձին որդիս ասաց, որ չի ուզում մահանալ, ուզում է ֆոտոնկարիչ դառնալ: Ահա ինչու ես որոշեցի մեկնել այնտեղից: Մենք բոլորս էլ ավելի լավ ապագայի ենք արժանի»:
Իրենցից առաջ ժամանած տարբեր ներգաղթյալ խմբերի նման, սիրիացիներն էլ դեռևս անգլերենի հետ որոշակի խնդիրներ ունենալով, կարող են հեշտորեն գտնել իրենց տեղը Կանադայի արաբական համայնքում:
«Ադոնիսի» նման հանրախանութը, որում արաբական և կանադական մշակույթները ապրում են կողք կողքի և լրացնում մեկը մյուսին, կարող է օգնել նորեկների հարմարվելու հարցում, ովքեր իրենց համար միանգամայն նոր քաղաքում ցանկություն ունեն զգալ ինչպես իրենց հարազատ տանը:
Պարենային ապրանքների սեղանների վրա նրանք կարող են գտնել իրենց հարազատ «հալալ միսը», համեմունքները, տարամասալատան (ապխտած ձկնկիթով արևելյան աղցանը) «Ալուազահ» թեյը, որը փաթեթավորվել է արաբական ձևով, ինչպես նաև թարմ բահլեի թևերը և այլ բազմամշակութային սննդատեսակներ, որոնք մարդիկ նախկինում այստեղ չեն տեսել:
«Այսօր առաջին աշխատանքային օրս է: Չեմ կարող հավատալ, որ արդեն մեկնարկել եմ իմ լրիվ աշխատանքային դրույքով գործը՝ Կանադա ժամանելուց ընդամենը 2 շաբաթ անց»,- ասում է 26-ամյա հայուհին՝ Մարալ Խանջյանը: Նա Հալեպում համալսարանի տնտեսագիտության բաժնի մագիստրատուրայում էր սովորում և այստեղ եկել է մենակ՝ եկեղեցական խմբի հովանավորությամբ:
Նրա ղեկավարը՝ Մարուա Ալջոբորին՝ գլխավոր գանձապահը, ասում է, որ նոր աշխատակիցները ձգտում են սովորել, չնայած շատերը սարսափում են նոր միջավայրի գաղափարից:
«Նորեկների համար այստեղի աշխատանքը չի կարող համեմատվել իրենց նախկին աշխատանքների հետ, բայց սա հիանալի հնարավորություն է նրանց ինտեգրման համար»,-ասում է Ալջոբորին՝ իրաքցի պաշտոնյան, որ մի քանի տարի է՝ ինչ բնակվում է Կանադայում:
«Մեր հաճախորդները շատ բազմազան են, և նորեկները ստիպված են անընդհատ տարբեր տեսակի մարդկանց հետ առնչվել: Նրանք տեղ ունեն բարելավելու իրենց խոսակցական լեզուն և վստահություն ձեռք բերելու: Կարող են պրոֆեսիոնալ կապեր հաստատել և վերջապես շատ բաներ սովորել Կանադայի մասին»:
Թաուիլն ասում է, որ նշված աշխատատեղերը նախատեսված չէին սիրիացի փախստականների համար, բայց մթերային շղթան ուղղակի մեծանում է ու կարիք ունի ավելի ու ավելի շատ մարդկանց:
«Մենք տրամադրում ենք աշխատատեղերն այն մարդկանց, ովքեր ունեն համապատասխան հմտություններ», -բացատրում է նա, - «Մենք կարող ենք աշխատանքի վերցնել շատերին, բայց առայժմ վերցնում ենք ամեն ընտանիքից մեկին, ով ունենում է դրա ցանկությունն ու կարիքը:
Ես այստեղ առևտուր էի անում մեկի հետ, որ եկեղեցուց էր և որ օժանդակում էր իմ ընտանիքին: Ես նրան հարցրի՝ աշխատանք չունե՞ն արդյոք ինձ համար: Դա իմ՝ Կանադա ժամանելուց ընդամենը երեք օր անց էր»,- պատմում է 48-ամյա տղամարդը, որն աշխատանքից հետո շաբաթական երեք անգամ անգլերենի դասերի է հաճախում: «Ես ուղղակի շատ հաջողակ մի տղա եմ»:
Խանութում աշխատող մեկ հայ՝ Հակոբ Կուճուրնյանն ասում է, որ ինքը Սիրիայում աշխատում էր մեքենաների բրենդային խանութում, բայց ուրախ է մսի խանութում որպես օգնական աշխատելու համար:
«Սա միանգամայն այլ է, բայց նորմալ է, որովհետև ես անգլերեն հաղորդակցվելու հետ խնդիրներ ունեմ»,-պատմում է 46-ամյա տղամարդը՝ թարգմանչի օգնությամբ: «Կինս և ես այստեղ մեր որդու համար ենք եկել: Մենք ուզում ենք նրա համար ապագա ապահովել: Ոնց որ թե մենք դա կարող ենք անել այստեղ՝ Կանադայում»:
Հակոբ Կուճուրնյանը
Համաշխարհային տնտեսագիտական կանխատեսումներ անելու փոխարեն, Ծիլա Բեյուկյանը, որ տնտեսագետի կոչում ունի, «Ադոնիսում» դեկտեմբերի 22-ից սկսած աշխատում է որպես գանձապահ:
«Չեմ մտածում, որ ուսումս ջուրն է ընկել»,-ասում է 27 ամյա աղջիկը, որ Տորոնտո է ժամանել ամուսնու՝ կրկին հայ Ջորջ Քեչեբաշյանի հետ, դեկտեմբերի 15-ին: Նրանք շատերի պես այստեղ են եկել Սիրիայից Լիբանան ճանապարհով: Ես այստեղ երջանիկ եմ: Աշխատում եմ շատ հաճելի մարդկանց հետ: Նրանք իմ նոր ընտանիքն են»,-ասում է Ծիլան:
Կանադական մամուլը ներկայացնում է մի քանի տասնյակ սիրիացի փախստականների հաջողակ կյանքը՝ Կանադայում, նշելով, որ նրանց մեծ մասը սակայն, միջավայրին հարմարվելու խնդիր ունի: Շատ մարդիկ, հանդիպելով դժվարությունների, հետադարձ հայացք են նետում դեպի Սիրիա՝ փնտրելով իրենց նախկին կյանքը:
Ծիլա Բեյուկյանը
Կարապետ Աշճյանը «Ադոնիս» սուպերմարկետում թարմ արաբական հացեր (պիտա) է տեղավորում: Սիրիայում նա պիտա արտադրող մեքենաների նախագծմամբ էր զբաղվում: