Վերջին շրջանում Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը և թուրքական գործոնի ակտիվացումը մտահոգությունների առիթ են դառնում տարածաշրջանում առկա հայկական համայնքների առումով: Ի՞նչ հնարավոր անդրադարձներ կունենան այդ խմորումները հայության վրա. «Արեւելքի» հարցերին պատասխանում է գործարար, հասարակական գործիչ Սևակ Արծրունին.
-Պարոն Արծրունի, վերջերս մի շարք վերլուծաբաններ նկատել են, թե Թուրքիան իր ամբողջ ուժով ձգտում է ներկայություն ունենալ Լիբանանում: Եթե ճիշտ են այս վերլուծումները, և եթե իսկապես Լիբանանում իրականություն դառնան թուրքական ծրագրերը, Ձեր կարծիքով, վտանգ սպառնալո՞ւ է լիբանանահայությանը, և արդյո՞ք հայրենադարձության մասին Ձեր հայտարարությունը հիմնված էր այս ամենի վրա։
Էրդողանը մինչև 2023 թվականը կա՛մ կընկնի, կա՛մ կփոխի տարածաշրջանի պատմությունը՝ շրջելով Աթաթուրքի էջը, կիրականացնի Օսմանյան Թուրքիայի էրդողանյան տեսլականը: Այս նպատակով նախապես Օսմանյան կայսրության մաս հանդիսացող բոլոր երկրների նկատմամբ Էրդողանի վարչակարգի կողմից իրականացվում է ապակայունացման գործողություններ՝ Կովկասից մինչև հյուսիսային Աֆրիկա:
Անշուշտ ապակայունացման աստիճանը Լևանտում և հատկապես Լևանտի լիբանանասիրիական տարածաշրջանում, ինչպես նաև Իրաքում և Լիբիայում, համաղետային է: Վերջին շաբաթներին, ըստ որոշ տեղեկությունների, թուրքական ծառայությունները զինում են ինչպես Սիրիայի, այնպես էլ Լիբանանի սուննի աշիրեթներին՝ նրանց մղելով շիաների դեմ սրբազան պատերազմի:
Տարածաշրջանում ձևավորվում են նախկինում անհավատալի թվացող զինակցություններ՝ Իրանի, Ռուսաստանի և արևմտյան որոշ տերությունների մասնակցությամբ, ընդդեմ թուրք սուննիական նախագծերի:
Ատլանտիստական կենտրոնները՝ Վաշինգտոնը, Լոնդոնն ու Թել Ավիվը գործում են խարդավանքներով՝ թուրքական զենքը Ռուսաստանի և Իրանի դեմ օգտագործելու հին ու չհնացող ակնկալիքով:
Նման աղետալի և հետզհետե վատացող պայմաններում, Հայաստանից դուրս՝ այդ տարածքներում բնակվող հայության վիճակն ահազանգային է, այնտեղ գործող հայկական կառույցներն ու հաստատությունները անզոր են դիմակայել նման համաղետային և բարդագույն ալիքի: Այս իրավիճակում միակ կարող ուժը բնականաբար հայրենի պետությունն է, որը պարտավոր է ստանձնել իր պատմական դերը և Հայաստան տեղափոխել բոլոր նրանց, ովքեր նման ցանկություն կունենան:
Համայնքները պահելու հայկական ավանդական եկեղեցու և կուսակցությունների նկրտումը հասկանալի է, սակայն, իմ կարծիքով, անիրատեսական է: Մարդիկ արդենիսկ զանգվածային կերպով հեռանում են, և այս ընթացքը կարագանա յուրաքանչյուր նոր ճգնաժամի հետ: Այսինքն գնդակը Հայաստանի իշխանությունների և հայ գործարարների դաշտում է, մենք ուզենք թե չուզենք, դիմակայում ենք հերթական աղետը, մնում է լինենք իրատես, նախաձեռնող և այս աղետն օգտագործենք հայրենի տնտեսության կայացման և հայության հզորացման տեսլականի օգտին...
Այս իրողությունը քաջ գիտակցելով՝ Անկարան ապակայունացնում է նաև իրավիճակը Հայաստանի հյուսիս- արևելյան սահմանին: Սակայն հայկական զենքի կտրուկ հարվածն անկանխատեսելի էր Անկարայի համար:
Այնուամենայնիվ, Անկարայի համար անորոշությունները շատ են, անկանխատեսելի է նաև շիիթական գործոնը, Իսրայելի անվստահելի ու ծայրաստիճան պատեհապաշտ քաղաքականությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում օր օրի խորացող անորոշությունը:
-Վերջին շաբաթներին նկատում ենք նաև, որ մեծ մասշտաբի լարվածություն կա հունա-թուրքական ճակատում: Պատճառն ու առիթը Թուրքիայի «նավթային ախորժակներն» են: Ի՞նչի կարող է հանգեցնել այդ լարվածությունը:
Թուրքիայի համար նավթի և գազի շահագործման պահանջը միայն տնտեսական նշանակություն չունի: Լոզանից հետո Թուրքիան զրկվել է էներգիա սպասարկող երկիր լինելու իրավունքից: Անշուշտ, կայսրություն ձևավորելու համար նրան անհրաժեշտ են օր օրի բացահայտվող միջերկրականյան գազի պաշարները և դրանցից ակնկալվող եկամուտները: Սակայն Էրդողանի կողմից թուրք-հունական կնճռի հրահրումը միայն տնտեսական նպատակ չի հետապնդում:
Լարելով հարաբերությունները Հունաստանի հետ, մտնելով Սիրիա, Լիբանան, Իրաք և Լիբիա, բաժին պահանջելով միջերկրականյան նավթահորերից և գազի պաշարներից, Սաուդյան Արաբիայից, համաիսլամական Խալիֆաթի դրոշը վերցնելով, երկրում կրոնապետություն հիմնելով, վերաիսլամացնելով Սուրբ Սոֆիան և հունական ու ասորական սրբատեղիներն ու այսպիսի տասնյակ այլ ցուցադրական ու հիմքային գործողություններով Էրդողանն իրականում դրժում է Թուրքիայի Հանրապետության՝ Լոզանում ստանձնած պարտավորությունները և ազգային, հոգեբանական անցում կատարում դեպի Օսմանյան պետություն:
Բնականաբար նման գործընթացը կարող է հրդեհել ամբողջ տարածաշրջանը: Իմ կարծիքով, սակայն, առաջիկա ամիսներին և տարիներին ավանդական էներգիաների աղբյուրների վերահսկողության նկատմամբ աշխարհաքաղաքական լարվածությունը կթուլանա, և չի բացառվում որ երկրորդական տերություններ, ինչպիսիք են Թուրքիան և Հունաստանը կկարողանան էներգիա սպասարկող երկրների ակումբ մտնելու իրավունք ձեռք բերել:
Սակայն կայսերական Թուրքիայի երազը, համոզված եմ, կփլվի ժամանակակից Թուրքիայի գլխին, իսկ դրա հետևանքները, իմ համոզմամբ, կարող են համաղետային լինել ամբողջ տարածաշրջանի համար:
-Այս դեպքում ի՞նչ պետք է լինի մեր՝ հայության անելիքը, հատկապես Հայաստանում:
Պահը լուրջ է և պատասխանատու: Այս իրավիճակում մենք կարող ենք արձանագրել հսկա հաջողություններ, եթե լինենք սթափ, պրագմատիկ, հեռատես, նպատակասլաց, աշխատասեր և ամենակարևորը՝ մեզանում բացառենք միֆեր սպասարկողների առկայությունը:
Օրինակ, վերջերս լրատվամիջոցներում կարդացի Տիգրան Խզմալյանին վերաբերվող նյութեր: Նման անձնավորությունները կարող են անլուրջ թվալ ինձ ու շատերի համար, բայց եկեք ընդունենք, որ իրականում այդ մարդիկ վտանգավոր են: Նմանները սնուցում են մեզանում տարածվող անհիմն առասպելներ:
Թուրքիան առաջնորդում է քաղաքակրթական լուրջ նախագիծ, որը, արկածախսդրություն լինելով հանդերձ, երկրորդական պատճառներով ընդունվում է աշխարհի շատ կենտրոններում: Նման մոլորակային, քաղաքակրթական, քաղաքատնտեսական ալիքի դիմաց Հայաստանն ունի մեկ իրական և գլխավոր դաշնակից, որն է՝ Ռուսաստանը:
Խզմալյանի և նրա նմանների հակառուսական կրքոտ ֆանտազիան հույզերի աշխարհում ձևավորված երևույթ է, այն բացարձակ ոչ մի կապ չունի իրատեսականության, քաղաքականության, ռազմաքաղաքականության, տնտեսագիտության կամ մեկ այլ շոշափելի ոլորտի հետ: Այս տեսակետը տարածող մարդիկ չեն խորշում նույնիսկ քարոզել, թե մեր բոլոր ձախողությունների ու հիասթափությունների պատճառը ոչ թե մենք, այլ հենց Ռուսաստանն է:
Մինչ այդ, իրականում հարցը պարզ է ու տարրական: Ի՞նչ բնույթի հարաբերություններ ունի Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ:
Դաոիստները կյանքի ամենատարրական ճշմարտությունները բացահայտող գեղեցիկ խոսքեր ունեն, որոնցից մեկն ասում է. «Ձուկը չի գիտակցում, որ ապրում է ջրում, սակայն եթե նրան հանես ջրից, այն կսատկի»:
Մենք, համոզված եմ, միջին ձկանից ավելի գիտակցություն ու տրամաբանություն ունենք և կարող ենք ինքնուրույն գիտակցել մի շարք պատմական, տնտեսա-քաղաքական, ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրողություններ, որոնք վերաբերվում են մեր պատմությանը, ներկային ու ապագային: Հայ-ռուսական զենքի ու տնտեսական համագործակցության դեմ ցանկացած ոտնձգություն հարվածում է մեր կայացման, հզորացման, տնտեսական զարգացման հեռանկարներին:
Երբ Խզմալյանը բարձրաձայնում է իր հակակրանքը պաղեստինցիների հանդեպ, նա նկատի չունի Էրդողանի առերևույթ պաղեստինասիրությունը, այլ` Իսրայելի գերակայության իրավունքը՝ մյուս ազգերի նկատմամբ: Նման հայտարարություն, այն պայմաններում, երբ հայությունը հարյուրամյակներ շարունակ ապրում է սուննի և շիա արաբների տիրույթում, առնվազն անպատասխանատվություն է և հակասում է մեր ազգային անվտանգության սկզբունքներին:
Խզմալյանը, իր ընկերներն ու նմանակները չեն կարող չգիտակցել, որ լինելով ռուսաստանյան տնտեսական և ռազմական ճամբարում, մենք մեր մարտունակությամբ ու աշխարհաքաղաքական դիրքով մնում ենք գործոն:
Իսկ նրանց կողմից շահարկող Մոսկվայի պայմանագիրը, երիտթուրքա-բոլշևիկյան համագործակցությունը ոչ թե ռուս ժողովրդի, այլ միջազգայնական սովետական նախագիծ էր, որի դարանակալ հիմնադիրների միակ նպատակն էր փլուզվող Օսմանյան կայսրությունը բաժանել իրենց միջև՝ առանց բաժին հանելու Ռուսաստանին և նրա դաշնակից հայերին: Այստեղից էլ՝ Հայոց ցեղասպանությունը և մեր հազարամյա քաղաքակրթական կապիտալի բնաջնջումն ու փոխանցումը (Խզմալյանի սիրած կենտրոնների ձեռքով, արհեստականորեն ստեղծված) թուրք քաղքենիությանը:
Վերոնշյալները անքննարկելի իրողություններ են, նույնիսկ եթե դրանք որոշ պարոնների և տիկինների ականջին հաճելի չեն հնչում:
-Չնայած համաճարակին, տնտեսական ճգնաժամին, սահմանի պայթունավտանգ իրավիճակին, տարածաշրջանային բռնկումներին, Դուք շարունակում եք օր օրի ծավալվող Ձեր բիզնես գործունեությունը և միշտ լավատես եք: Ո՞րն է Ձեր լավատեսության գաղտնիքը:
Մենք հզոր ենք մեր չքնաղ հայրենիքով, անսպառ պատմությամբ, ազգային քաղաքակրթական եզակի ներուժով և հնարավորություններով: Մեր ազգը զինված է առ կրթությունն ու մշակույթն ունեցած ենթագիտակցական սիրով, տնտեսական աներևակայելի նախաձեռնողականությամբ, մեկդարյա հաղթականության (ամենահաղթության) բարդույթով, մարտունակությամբ և փիլիսոփայության աստիճանի հասնող հումորով:
Մենք կարող ենք հարյուր հազարներով հավաքվել ու չնայած լարվածությանը, ոչ մի ապակի չջարդել, ոչ մի քիթ չարյունել:
Իմ լավատեսության և ներշնչանքի աղբյուրը մեր ժողովուրդն է՝ իր անբացատրելի տաղանդով՝ Արտավազդ Փելեշյանով, Արթուր Մեսչյանով, Տիգրան Համասյանով, Սերգեյ Խաչատրյանով․․․ և նմաններին մեզ պարգևող հայի անսպառ արգանդով: