image

Ոչ եւս է հայրենի հանրայայտ դերասան Գուժ Մանուկեան

Ոչ եւս է հայրենի հանրայայտ դերասան Գուժ Մանուկեան

88 տարեկանին կեանքէն հեռացած է ՀՀ ժողովրդական արուեստագէտ Գուժ Մանուկեանը: Լուրը յայտնած են Հայաստանի թատերական գործիչներու միութենէն։ 

«Խորը ցաւով յայտնում ենք, որ կեանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկեանը:

Մեր խորին ցաւակցութիւններն ենք յայտնում Գուժ Մանուկեանի հարազատներին եւ գործընկերներին»,- նշուած է Հայաստանի թատերական գործիչներու միութեան հաղորդագրութեան մէջ:

Գուժ Մանուկեանի լաւագոյն անձնաւորումներէն են՝ Միթրոֆան (Տենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարօ («Անուշ», ըստ Յովհաննէս Թումանեանի), Փեոթր (Մաքսիմ Կորքիի «Քաղքենիներ»), Պուքինկհայմ (Ուիլիամ Շեքսպիրի «Ռիչարտ III»), Պլիւնչլի (Պեռնարտ Շոուի «Շոքոլա ուտող զինուորը»), Քարանտիշեւ (Ալեքսանտր Օսթրովսքիի «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զէյթունցեանի «Աստուածներու կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրետ (Պերնարտ Շոուի «Իմ չքնաղ լետինը»)։

Շարժանկարի մէջ նկարահանուած է 1964-էն։ Դերերէն են՝ Մարսելին («Սգաւոր ձիւնը», ըստ Անրի Թրուաեայի, բեմադրիչ՝ Եուրի Երզնկեան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմէն («Կեանքի լաւագոյն կէսը», բեմադրիչ՝ Ալպերթ Մկրտչեան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրայ», բեմադրիչ՝ Գրիգոր Մելիք-Աւագեան, 1980)։