Օգոստոսի 3-ից 13-ը, հովանավորությամբ «Գյուլբենկյան» հիմնադրամի Լիբանանում տեղի է ունենալու «Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած հիմնական նախագծերից մեկը` «Վիքիճամբարը»: Այդ մասին arevelk.am-ին հայտնեց «Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր, խորհրդի անդամ` Մհեր Բեքարյանը: «Վիքիճամբարը» վիքի-նախագծերի շուրջ տեղի ունեցող համախմբում է, որի ժամանակ աշակերտները սովորում են խմբագրել եւ հոդվածներ տեղադրել Վիքիփեդիայում: Զմմառում անցկացվող «Վիքիճամբարին» մասնակցելու է Լիբանանի հայկական դպրոցներից 46 աշակերտ, իսկ Հայաստանից 4 փորձառու խմբագրող աշակերտ մեկնելու է Լիբանան` օգնելու նրանց: Լիբանանում «Վիքի ճամբարն» անցկացվում է առաջին անգամ եւ նպատակ ունի պատրաստել արեւմտահայերեն խմբագիրներ` «Արեւմտահայերեն Վիքիփեդիայի» համար: Հիշեցնենք, որ Արեւմտահայերեն Վիքիփեդիան» նույնպես «Վիքիմեդիա Հայաստանի» նախագծերից է, որն այս տարի Մեքսիկայում անցկացված «Վիքիմանիա 2015» համաժողովին ճանաչվել է հայկական կողմի ցնցող նախագծերից մեկը: Նույն այդ համաժողովին «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Սուսաննա Մկրտչյանը ճանաչվել է տարվա վիքիպեդիստ:Մհեր Բեքարյանը նաեւ տեղեկացրեց, որ օգոստոսի 16-ից արդեն Աղվերանում կսկսի այս տարվա ամառային երկրորդ «Վիքի ճամբարը», որին մասնակցելու է 80-ից ավելի երիտասարդ, որից 4-ը` Վրաստանից։Շուտով Հայերեն Վիքիփեդիայում տեղադրված հայերեն հոդվածները կհատեն 200.000-ի սահմանը: