ԱԺ ընդդիմադիր փոխխօսնակ Իշխան Սաղաթէլեանը գրառում կատարած է «Դիմադրութեան» շարժման վերաբերեալ․
«Սիրելի հայրենակիցներ, «Դիմադրութեան» շարժումը մօտենում է կարեւոր հանգրուանի:
Խորհրդարանական պետութեան ներկայացուցչական բարձրագոյն մարմնում` Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, օրուայ իշխանութիւնը մերժում է ազգային-պետական շահերին առնչուող կարեւորագոյն հարցերի վերաբերեան կարմիր գծեր սահմանելուց եւ դրանով իսկ մէկ անգամ եւս փաստում, որ իրենք կապ չունեն մեր պետութեան եւ ժողովրդի հետ:
Վաղը ժամը 16:00-ին խորհրդարանում նշանակուած է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան: Մինչեւ այդ ժամը բոլորի համար կայ հնարաւորութիւն արտայայտելու իրենց դիրքորոշումը:
Նրանց մեծամասնութեան համար այդ առիթը դեռ կայ: Նրանք դեռ կարող են ազատուել երկիրը թշնամուն յանձնելու, պետականութիւնը կործանելու խայտառակ այս գործընթացի բարոյական պատասխանատուութիւնից:
Նրանք դեռ կարող են տարանջատուել Նիկոլից:
Սիրելի հայրենակիցներ, սա ջիղերի պայքար է: Հիմա մենք պարզապէս պարտաւոր ենք ամուր լինել եւ շարունակել այս իշխանութիւնների կազմաքանդման գործընթացը: Վաղն այդ առումով շատ կարեւոր օր է: Վաղը ժամը 16:00-ին կրկին պէտք է հաւաքուել Ֆրանսիայի հրապարակում եւ նախ աջակցել ընդդիմադիր խմբակցութիւնների մեր պատգամաւորներին եւ ապա` կախուած խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել մեր յաջորդ անելիքները: Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի եւ հայ-թուրքական յարաբերութիւնների հարցում սեփական ընտրութիւնը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները:
Ուստի, սիրելի հայրենակիցներ, պատրաստւում ենք վաղուայ օրուան: Մենք ճիշդ ընթացքի մէջ ենք: Պայքարը պէտք է այն հասցնել յաղթական աւարտին:
Կը հանդիպենք վաղը` 16:00-ին, Ֆրանսիայի հրապարակում:
Աստծով, ոգով, մինչեւ վերջ»: