«Թեքեյան» մշակութային միության Ուսուցիչների հովանավոր ծրագիրը, որը վերջին 20 տարիների ընթացքում օգնում է Հայաստանի չորս և Արցախի մեկ դպրոցի ուսուցիչներին, Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած արյունալի 44-օրյա պատերազմից մեկ տարի անց վերականգնեց իր օգնությունը Ղարաբաղի ուսուցիչների համար։
Պատերազմի ընթացքում տեղի ունեցավ այն, ինչ երբևէ աներևակայելի էր: Արցախի Բերձորի Թեքեյան դպրոցը, որը գտնվում է Քաշաթաղի կամ Լաչինի նահանգի նեղ միջանցքում, ներկայումս ավերակ վիճակում է։ Պատերազմի ընթացքում այն օգտագործվել է որպես հայ զինվորների զորանոց։ Պատերազմի ավարտից հետո հայ բնակչությունը տարհանվեց, իսկ այդ տարածքը վերահսկում են ռուսական խաղաղապահ ուժերը։ Բացառությամբ մնաց շուրջ 100 հայ․նրանց թույլատրվում է մնալ, որպեսզի կարողանան ապահովել ռուսական զորքերին անհրաժեշտ մի քանի ուղղություններ, ինչպիսիք են՝ խանութների կամ օժանդակ աշխատանքներ կազմակերպելը։ Դպրոցի տնօրենն ու ուսուցիչներն այժմ կա՛մ Երևանում են, կա՛մ տարբեր գյուղերում՝ հարազատների հետ։ ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան մշակութային միությունը օգնում է նրանց գտնել այլընտրանքային եկամտով աշխատանքներ՝ Մոնրեալից Արտո Մանուկյանի գլխավորությամբ, որը նախաձեռնել և իրականացրել է Բերձորի փախստականների «Կայուն աջակցություն» ծրագիրը Հայաստանում՝ ներդրումներ կատարելով գյուղատնտեսության և մեղվաբուծության ոլորտներում Սյունիքի զարգացման ՀԿ-ի միջոցով։
Ուսուցիչների հովանավորության ծրագիրը, որը ղեկավարում է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից Մարո Պետրոսյանը, ավելացրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցները 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում՝ օգնելու ոչ միայն Հայաստանում Վահան Թեքեյանի անվան բոլոր չորս դպրոցներին, այլ նաև Արցախի 5 նոր դպրոցների՝ թվով 90 ուսուցիչներին, մասնավորապես՝, Եղցահողի Մ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի, Գ.Աղավնոյի Գ.Նժդեհի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի շրջանի Մեծ Շենի Սասուն Դավթյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի շրջանի Լիսագորի անվան միջնակարգ դպրոցի և Շուշիի շրջանի Հին Շենի Ա.Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցի:
Այն իրականացվել է Հայաստանի «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպության միջոցով: 2021-ի դրամահավաքը հաջողվեց՝ շնորհիվ «Մեսրոպ» հիմնադրամի գլխավոր նվիրատուի, Նորա Ազատյանի ի հիշատակ հոգեհանգստի ծաղիկների փոխարեն հանգանակված նվիրատվության, ԹՄՄ Դեթրոյթի մասնաճյուղի և շատ այլ նվիրատուների՝ ԱՄՆ-ից և Կանադայից: Ընդհանուր առմամբ, վերջին երկու շաբաթվա ընթացքում բաշխվել է 38,610 դոլար:
Հոկտեմբերի 2-18-ը դրամական միջոցները բաշխվել, փոխանցվել են ուսուցիչների հաշվեհամարներին Կենտրոնական վարչության ատենապետ Էդմոնդ Ազատյանի և Հայաստան այցելած Կենտրոնական վարչության անդամ Միհրան Մինասյանի հանձնարարությամբ, Թեքեյան մշակութային միության հայաստանյան ներկայացուցիչ Գայանե Մուրադյանի և Գուրգեն Մելիքյանի կողմից, ով մեկնել է Արցախի վերը նշված հինգ գյուղեր և անձամբ 90 ուսուցիչների և աշխատողների է փոխանցել բավարար միջոցներ՝ այս տարվա հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նրանց կարիքները հոգալու համար։
Եղցահողի դպրոցի Պողոս Աղաբեկյանը նշել է. «ԱՄՆ-ի մեր եղբայրների ու քույրերի այսչափ բարեգործությունը ոգևորում է մեզ, որպեսզի չթողնենք մեր բնակավայրերը և չբացենք ճանապարհները Ադրբեջանի հետ՝ նվաճելու համար այն, ինչ մնացել է Արցախից»:
Մեծ Շեն գյուղի դպրոցի ուսուցչուհի Ադրինե Դավիդյանն էլ ասաց. «Շնորհակալ ենք Թեքեյան մշակութային միության անդամներին և աջակիցներին, ովքեր մեզ աջակցել են նյութապես և, որ ամենակարևորն է, բարոյապես։ Մարդասիրական գործողությունները օրինակ են ծառայում մարդկանց և ցույց տալիս դեպի բարություն տանող ճանապարհը։Ամեն տարի մեծ ոգևորությամբ բոլորը սպասում են այս բարեգործությանը և մեծ ակնկալիքներ ունեն դրանից: Չնայած գումարն այնքան էլ մեծ չէ, սակայն այսօր ուսուցիչներին դա անհրաժեշտ է: Դա նաև մոտիվացնող ու ոգեշնչող գործոն է, որը ուսուցչին տալիս է աշխատելու, ստեղծագործելու ցանկություն»։
ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության խորհրդի անդամ Միհրան Մինասյանը Գյումրու Վահան Թեքեյանի անվան դպրոց այցի, դպրոցի տնօրենի և ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում շեշտադրեց, որ գումարի չափը չէ կարևորը․ «Ես հասկանում եմ, որ այսօրվա տնտեսական պայմաններում նվիրաբերված գումարն այնքան էլ մեծ չէ։ Այնուամենայնիվ, այս ամենը կարելի էր անել անուղղակի ձևով՝ պարզապես գումարային կտրոններ ուղարկելով, սակայն կարևորը շփումն է, անմիջականությունը գումարները ներկայացնելիս։ Մենք հավատում ենք Հայաստանի ապագային։ Այսօր ավելի շատ հայ կա Հայաստանից դուրս, քան երկրի ներսում։ Եվ եթե այսքան հայերով մենք չենք կարողանում այս փոքրիկ Հայաստանում գոյատևել, ապա ամոթ մեզ»։
Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոցի հայոց ուսուցչուհի Նարինե Հայրապետյանն ասաց, որ իրենք իրենց ավելի ապահով են զգում, քանի որ Թեքեյանը կա։ Նա ասաց. «Մենք ամեն տարի սպասում ենք ձեզ, և, փառք Աստծո, բոլորս տեղյակ ենք, որ սա ոչ միայն դրամի համար է, այլ ձեզ հետ հանդիպելու և ձեզ մեր կողքին ունենալու համար։ Երկու հիմնական նպատակ կա՝ մեկը, որ մենք ձեզանով ավելի ապահով զգանք, և երկրորդ՝ անկախ տարիքից՝ չափազանց հաճելի է, երբ մարդու աշխատանքը գնահատվում է։ Սիրով սպասում ենք ձեզ։ Աստված տա, որ մենք էլ կարողանանք ձեզ ինչ-որ բանում օգնել»։
Ուսուցիչների հովանավոր՝ «Ուսուցիչ Հայաստանում և Արցախում» ծրագիրը թևակոխում է իր գոյության 21-ամյակը՝ շնորհիվ համակարգող Մարո Պետրոսյանի և հայաստանյան ներկայացուցիչ Գայանե Մուրադյանի: Դուք կարող եք կատարել հարկերից նվազեցվող նվիրատվություն առցանց՝ givebutter.com/0g6Iky-ի միջոցով: