Սիլվա Կապուտիկյանի մայրը՝ Լիա Կապուտիկյանը, օժտված լինելով գրական ձիրքով, հետաքրքիր հուշեր է թողել Վանի մասին, իսկ գաղթը նկարագրել է «Վանի մեր նահանջ» հուզիչ վիպերգով: Այս գործը և մյուս հիշողություւները բան. գիտ. դոկտոր Վերժինե Սվազլյանը ներառել է «Վանի հերոսամարտը ըստ վերապրողների» գիտական իր գրքում: Սիլվա Կապուտիկյանի թանգարանը տարբեր առիթներով անդրադառնում է ինչպես գրողին, այնպես էլ նրա հորն ու մորը։
Պատմում է Լիա Կապուտիկյանը․
«Ես ծնվել եմ 1895 թվականի Թալալոսի շաբաթ օրը, Վան քաղաքում, հարուստ ընտանիքում: Ունեինք երկհարկանի հարմարավետ բնակարան, արևելքից Վարագա լեռն էր` իր հիասքանչ արևածագով, արևմուտքից` Վանի կապուտակ ծովը` իր զարմանահրաշ մայրամուտով: Մեր այգին շատ ընդարձակ էր, մրգերով լի: Գիշեր-ցերեկ աչքիցս չի հեռանում մեր հայրենի օջախը, ամեն ինչ հիշում եմ նույնությամբ: Ունեցել եմ երջանիկ մանկություն: Սովորել եմ Վանի Սանդխտյան 10-ամյա դպրոցը, որն ավարտել եմ 1914 թվականին, երբ ծագեց համաշխարհային առաջին պատերազմը:
1915 թվի ապրիլի 18-ի առավոտյան, ժամը 8-ին սկսվեց Վանի հերոսամարտը, ամբողջ մի ամիս քաջաբար կռվելուց հետո վրա հասան ռուսական բանակը և հայ կամավորներ` Անդրանիկ Բաշի ղեկավարությամբ, և հայերը զարմանալի հրաշքով փրկվեցին թշնամու արյունահեղ կոտորածից: Ստեղծվեց հայկական կառավարություն Արամ Բաշի ղեկավարությամբ: Ինչպիսի՜ երջանկություն հայերի համար:
Ավա՜ղ, այդ երջանիկ կյանքը երկար չտևեց: Անսպասելի հայտարարվեց նահանջ: Հայ ժողովուրդը պետք է 24 ժամվա ընթացքում հեռանար քաղաքից, այդպես էլ եղավ: Ուտելու հաց անգամ չկարողացանք հետներս վերցնել: Հասանք Երևան, հինգ օրից հետո մահացավ հայրս, մենք մնացինք մորս խնամքին և ապրեցինք շատ ծանր պայմաններում:
1917 թվականի ապրիլի 12-ին ես ամուսնացա Բարունակի հետ: Մոռացած նյութական ծանր պայմանները՝ ես ինձ կարծում էի աշխարհի ամենաերջանիկ և ամենաբախտավոր մարդը. ավա՜ղ, այդ երջանկությունը երկար չտևեց: 1918 թվականի օգոստոսի 18-ին խոլերան՝ անգութ մահը, Բարունակին խլեց տարավ ինձանից:
Աշխարհը խավարեց ինձ համար: Չորս ամիս հետո՝ 1919 թվականի հունվարի 20-ին, ծնվեց Սիրվարդը, որը հանդիսացավ իմ կյանքի աղբյուրը և միակ մխիթարությունը՝ Բարունակի բոլոր հատկություններով օժտված»։