Գործարար, բարերար Սամուէլ Կարապետեանի նոր ուղերձն՝ ԱԱԾ մեկուսարանէն․
«Աշխատանք բոլորի համար։ Բարեկեցութիւն բոլորի համար:
Տիպիկ հայաստանեան տեսարան, որը նկարագրում է իշխանաւորների անգործութիւնը:
Աշխատանքային օրուայ ընթացք. հայկական փոքր քաղաք կամ գիւղ, իրար հետ կանգնած աշխատունակ եւ եռանդուն հայ տղամարդիկ ստիպուած են իրենց զբաղեցնել նարդի խաղալով: Յուսահատութեամբ լցուած, երբեմնի յաջողութիւնները յիշելով: Մարդիկ փաստացի զրկուել են լաւ կեանքի մասին նոյնիսկ երազելու կարողութիւնից:
Այսօրուաձ նման իրականութեան միակ պատասխանատուն այս իշխանութիւնն է՝ մեր ժողովրդի համար արժանապատիւ հնարաւորութիւններ չստեղծելով, յուսահատեցնելով, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հաւատը կոտրելով:
Ես վստահ կարող եմ պնդել, որ չնայած այս ծանրագոյն պայմաններին՝ կարող ենք շատ արագ ապահովել անհրաժեշտ ու կոնկրետ լուծումներ՝ ուղղուած մեր ժողովրդի բարեկեցութեանը:
Հայաստանը տարեկան ներմուծում է մօտ 4 մլիլիառ դոլարով աւելի ապրանք, քան արտահանում է: Սա նշանակում է, որ առկայ է մեծ պոտենցիալ մեր երկրում արտադրութիւնների կառուցման, շահաւէտ ներդրումային ծրագրեր ստեղծելու համար՝ յատկապէս շրջանների բնակիչներին ապահովելով արժանապատիւ աշխատանքով:
Շատ կարճ ժամանակում կարող ենք ներգրաւել միջազգային խոշոր ներդրողների՝ իրենց արտադրական հզօրութիւններով, խթանել տեղական բիզնեսը՝ թիրախային պետական աջակցութեան ծրագրերով, այլ ոչ թէ «փայ մտնել», կամ փորձել «խլել»:
Գիւղատնտեսութեան ոլորտում բարեփոխումները պէտք է լինեն իրական, հողի վրայ. գիւղացու բերքը մթերող ընկերութիւնների մէջ այնքան շատ մրցակցութիւն պէտք է լինի, որ ապրանքը վաճառելով՝ գիւղացին վերջապէս շահոյթ պէտք է կարողանայ ստանալ՝ ապահովելով իր ընտանիքի բարեկեցութիւնը:
Իսկ մեր գիւղմթերքը լաւ հումք կարող է լինել սննդի արդիւնաբերութեան զարգացման:
Մի քանի տարում միջազգային ճանաչում ունեցող խոշոր ընկերութիւնները պէտք է լինեն ներկայացուած Հայաստանում եւ գործունէութիւն ծաւալեն մեր երկրում, որի միջոցով ապահովուելու է տուրիզմի զարգացման տեմպերի որակապէս նոր աճ ու նոր պայմաններ:
Վստահ եմ, որ այս եւ մի շարք տնտեսական այլ ծրագրեր շատ կարճ ժամանակում կը փոխեն մեր ժողովրդի կեանքի որակը, ի վերջոյ կը դադարի արտագաղթը եւ կը լինի արժանապատիւ աշխատանքը բոլորի համար:
Անելու ենք՝ մեր ձեւով»։