Գիւղացիներն ըսին, որ գործընթացը այս պահուն կանգ առած է. այսինքն Նիկոլ Փաշինեանի ըսելով 90 տոկոս զիջումներ պիտի չըլլան, միայն մէկ հատուած կայ, որ կը քննարկուի եկկողմանի փոխադարձ զիջման մասին: Այս մասին News.am-ի հետ զրոյցին նշած է քաղաքագէտ Սուրէն Պետրոսեանը, որ կը գտնուի Ոսկեպար, սակայն իրեն թոյլ չեն տուած մասնակցիլ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպման:
«Նաեւ Նիկոլ Փաշինեանն ասել է, որ եկէք դրան զուգահեռ նաեւ շրջանցիկ ճանապարհը կառուցենք՝ Ոսկեպար չհասած, դրօշի հատուածում: Գիւղացիները դրան չեն համաձայնել, ինքն էլ համաձայնել է, ասել է՝ լաւ, չենք կառուցի ճանապարհը: Եթէ չեմ սխալւում, այդ հատուածում համաձայնութեան գալուց յետոյ պէտք է լինեն երկկողմանի սահմանապահներ:
Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցուած է: Ես հասկանում եմ, որ սա աւելի շատ փորձ է արւում փափուկ բարձ դնել գիւղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց»,-ըսած է ան:
Պետրոսեանի խօսքով, կարելի է ըսել, որ ոսկեպարցիները միանձնեայ ամբողջ պետականութեան մը անկման գործընթացը կասեցուցած են.
«Եթէ նրանք ոտի չկանգնէին, կանոնաւոր բանակն էլ էր ետ քաշուելու, մնացածն էլ էր լինելու: Սա չի նշանակում, որ վտանգը չկայ, բայց այս մարդիկ այս փուլում յաղթել են:
Փաշինեանն ասել է՝ 90 տոկոսով պայմանաւորուածութիւն ունենք Ալիեւի հետ, որ այս հատուածներում մնում ենք կանգնած նոյն դիրքերում՝ գետի երկայնքով: Միայն այն հատուածը, որ սովետական ժամանակներում եղել է ադրբեջանական, մենք փոխանակում ենք: Այսինքն ճանապարհի հատուածը կը մնայ մեր վերահսկողութեան տակ, որ յանկարծ չլինի Ադրբեջանի կազմում, միւս հատուածն էլ համարժէք կը փոխանակենք: Բայց այս համաձայնութիւնն 90 տոկոսով է:
Այս պահին գիւղացիների պահանջները բաւարարուել են, բայց եթէ նրանք զգօնութիւնը թուլացնեն, իշխանութիւնը իր ծրագրերն աւարտին է հասցնելու»,-ընդգծած է ան:
Նշենք, որ Ոսկեպարի մէջ վարչապետի հետ հանդիպումը փակ եղած է, մարդոց արգիլած են լուսանկարել կամ տեսագրել: Վարչապետը հանդիպում ունեցած է նաեւ Կիրանցի մէջ: