Նոյեմբերի 9-ի նախօրէին Հայաստանի դէմ գործարկուեցաւ առցանց եղանակով պատերազմի դասական սենարը՝ համակարգուած, բազմաբեւեռ տեղեկատուական գրոհի ձեւով։ Այս մասին Դիմատետրի իր էջին գրած է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարեան:
«Այս օրերին, երբ ադրբեջանական կողմն է ակտիվանում (աշխուժ) տեղեկատուական դաշտում, նպատակը ակնյայտ է․ երբ տեղեկատուական այդ արշաւին միանում է օտարազգի կապիտալով (դրամագլուխ) ջերմոցներում աճեցուած «ոսկէ մանուկը», էլի ընկալելի է՝ խօսափող է, արտաբերում է իրեն փոխանցուած տեքստը։
Բայց երբ Հայաստանը ղեկավարած անձն ինքն է հանդէս գալիս փաստերի հետ չհամընկնող, անտրամաբանական յայտարարութիւններով ու մանիպուլյացիաներով (ձեռնավարութիւն), անխուսափելիօրէն առաջանում են բազմաթիւ հարցեր։
Սարգսեանի նախօրէի մտքերը ոչ թէ քաղաքական վերլուծութիւն էին, այլ հին ու մաշուած ձայնապնակի կրկնութիւն։ Այդ թէզերը բազմիցս՝ հիմնաւոր եւ փաստարկուած կերպով, ջախջախուել են թէ՛ 2018-2020 թթ․ սպառազինութեան ծաւալների, թէ՛ բանակի վերափոխման գործընթացների, եւ թէ՛ պաշտպանական ոլորտում արդիականացման ուղղութեամբ իրականացուած համակարգային քայլերի համադրութեամբ։
Այո՛, երկու ու կէս տարում անհնար էր լրացնել երեք տասնամեակների բացը։ Բայց ռեֆլեքսիայի (անդրադարձ) փոխարէն Սարգսեանը կրկին փորձ է անում պետութեան եւ բանակի վերաբերեալ ճառել ու սեփական տարիների անգործութեան ստուերը նետել այլոց վրայ։
Ի դէպ, նախօրէին Հայաստանի դէմ հրապարակայնօրէն ցուցմունք տալը կա՛մ ոչ հեռատեսութեան արդիւնք է, կա՛մ օտար օրակարգի սպասարկում։
Երրորդ տարբերակ պարզապէս չկայ»,- գրած է Բաղդասարեան: