image

Նորոգվում է Բաղդադի պատմական հայկական եկեղեցին․ Լուսանկարներ

Նորոգվում է Բաղդադի պատմական հայկական եկեղեցին․ Լուսանկարներ

Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի Մայր Տաճարում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, այս տարի սկսվել են հիմնավոր նորոգման աշխատանքները, տեղեկանում ենք թեմից։ 

Մեծածավալ աշխատանքները կատարվում են Իրաքի քրիստոնեության եւ այլ կրոնների դիվանի կողմից՝ օրհնությամբ թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Եպս. Գյուլգուլյանի։ 

Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը կառուցվել է 1954-1957 թվականներին՝ հայկական եկեղեցուն պատկանող հսկայական կալվածքում, որտեղ 1904 թվականից ի վեր գտնվում է հսկայական հայկական գերեզմանատուն՝ հնագույն եւ նոր գերեզմաններով: Եկեղեցին հայկական ճարտարապետությանը բնորոշ կառույց է։ 

Իրաքում Մայր տաճարի կառուցումը հնարավոր է դարձել երկու հայ բարերարների՝ Սիմոն Մ. Ղարիբեանի եւ Գալուստ Գյուլբենկյանի կատարած խոշոր նվիրատվությունների շնորհիվ։

Ժամանակի ընթացքում հասարակական շենքեր են կառուցվել այս կրոնական կալվածքում՝ տաճարի եւ գերեզմանատան կողքին: Այնտեղ կա դպրոց, դահլիճ, երկու հուշահամալիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակներին եւ մեծ թանգարան, որը բացվել է 1997 թվականի նոյեմբերին։