Աիդա Ասատուրյան-Աֆարյան, Կանադա, բժշկուհի
Մարդիկ, ժողովուրդները մինչև հիմա սովոր էին դիմագրավել առավելապես տեղային բնույթ կրող խնդիրների:
Այսօր մարդկությունը պայքարում է համընդհանուր մի դժվարության՝ վիրուսային հիվանդության դեմ, որ կորոնան է: Վերջինս, ինչպես յուրաքանչյուր վիրուս, ունի իր առանձնահատկությունները.
-Կորոնան ունի տարածման, փոխանցման եղանակ, այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, մարմնական մերձեցման, վարակված մակերեսների հետ շփման արդյունքում: Այն բավական կայուն է, և որոշ մակերեսների վրա նրա կենսունակությունը հասնում է նույնիսկ մինչև 48 ժամ: Տարածման միջոցներն էլ հենց հուշում են զերծ մնալու համար միջոցների մասին՝ հնարավորինս նվազեցնել մադկանց հետ շփումը, մակերեսները ախտահանել, կրել դիմակներ ըստ անհրաժեշտության, պահպանել մաքրության խիստ կանոններ, լվացվել հաճախ:
Վիրուսի հետ հանդիպումից մոտ չորս օր (երբեմն ավելի), վիրուսը մնում է կոկորդային հատվածում, այս շրջանը հաճախ անցնում է աննկատ կամ սովորական կոկորդի ցավով և անձն արդեն վարակակիր է շրջապատի համար: Հիվանդության հաջորդ օրերին վիրուսը կարող է հանգրվանել ստորին շնչառական հատվածներում, պատճառել սուր շնչառական անբավարարություն, տարածուն թոքաբորբ: Այս բարդությունն է, որ պահանջում է բժշկական մեծ միջոցներ, արհեստական շնչառության սարքեր, թթվածին: Փաստացի ոչ մի մեծ կամ փոքր պետություն չունի անթիվ-անհամար նման սարքեր՝ ապահովելու մեծաթիվ հիվանդների պատշաճ բուժումը և այս իրողությունը պարտադրում է երկրների ղեկավարներին՝ դիմելու խստագույն կանխարգելման միջոցների:
Նույն անթիվ-անհամար միջոցները չկան նաև ախտաճանաչման առումով:
Պետք չէ ահաբեկվել, կարևոր է ցուցաբերել քաղաքացիական հնազանդություն:
Ինչպես միշտ, դժվար օրերից քաղենք օգուտներ: Սա առիթ է ընտանիքի անդամների համար՝ համատեղ զբաղմունքներ ստեղծելու, ինչն ամրապնում է ընտանիքը: Կարելի է խաղալ փոքրիկների հետ, թատրոններ հորինել, նկարել կամ անել այն, ինչ կցանկանայիք կազմակերպել մյուս օրերին, բայց ամենօրյա հևքը չէր թույլ տալիս անել:
Նման առիթ գուցե այլևս չունենաք ձեր կյանքում: Վայելեք այն և պիտի ճանաչեք իրար առավել, քան երբևէ: